Թուրքիան մեղադրում է Իրանին “Զանգեզուրի միջանցքի” չկայացման համար

  • 12:26 14.10.2024

Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, երեկ Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։

Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ այնուամենայնիվ կստեղծվեն։

«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», – ասել է Ուրալօղլուն։

Թուրք նախարարի խոսքով՝ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։

Հիշեցնենք, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ 

Թուրք նախարարն իրեն երկրին հարիր դիվանագիտական “ժուլիկությամբ” փորձում է ասել, որ Հայաստանը իբր համաձայն է միջանցք տրամադրել իր տարածքով, հրաժարվելով Իրանի հետ սահմանից, սակայն Թեհրանը թույլ չի տալիս։ Թուրքիան փորձում է օգտագործել Իսրայելի կողմից Արեւմուտքում տարածվող հակաիրանական տրամադրությունները՝ ռուս-թուրքական նախագիծն առաջ տանելու եւ Հայաստանը մասնատելու համար։ 

 

 

f