«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն»

  • 21:46 21.10.2024

Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն է, որովհետեւ Մինսկի բանակցային գործընթացի բոլոր սկզբունքները 2020 թվականի ագրեսիայից հետո մինչեւ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումը խախտվել են։ Մինսկի խմբի բանակցային գործընթացի բովանդակությունը մենք պետք է դարձնենք իրականությանը մոտիկ, այն է՝ երբ Մինսկի խումբը ձեւավորվեց, ձեւավորվեց Արցախի հարցի հետ կապված, եւ այն ժամանակ արդեն որոշ դրույթներ շրջանցվեցին, դա ցեղասպանության հարցն է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Արցախի հարցը հայոց հարցի եւ ցեղասպանության հարցի մի մաս է։ Եվ այն, ինչ 1991 թվականին Բաքուն չկարողացավ ԼՂԻՄ-ում իրականացնել, իրականացրեց 2021 թվականի սեպտեմբերին եւ հասավ վեջնարդյունքի՝ ցեղասպանելով հայաթափեց Արցախի փոքր բեկորը։ Այսինքն՝ եթե մենք ռեսթարթ չենք տալիս Մինսկի խումբը, ընդհանուր առմամբ հայոց հարցը փակելու ենք, որովհետեւ Հայաստանի հայությունն էլ կցեղասպանվի ու կվերանա»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը։

Նա հավելեց, որ արցախցիների այս ակցիաները հանրային դիվանագիտության կարեւոր բեկոր են եւ պետք է շարունակական լինեն։ Ըստ Ավագյանի՝ պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարեւոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում։ «Դա մենք պետք է մշակենք ու դեմ տանք Մինսկի խմբի եւ ասենք՝ մենք չենք կարող մեզ մորթող պետական համակարգի վերահսկողության ներքո ապրել»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Առավոտի

f