«Մենք կվերհանենք այն սահմանը, որով անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»

  • 15:47 23.10.2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ադրբեջանական կողմը երբ է դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից, ասել էր․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Լրագրողներն այսօր հարցրին Ալեն Սիմոնյանին, էլ որտեղի՞ց պետք է դուրս գան հայկական զորքերը, ի՞նչ նոր զիջումներ են պատրաստվում։ Ի պատասխան նա ասաց․ «Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ կոորդինատներ տա՞մ, բայց ակնհայտ է եւ դա երեւաց նաեւ Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ իրենք։ Սահմանը եթե սահմանագծված ու սահմանազատված չէ, այդ խնդիրը կա, վերեւից մինչեւ ներքեւ մենք պետք է սահմանը վերհանենք։ Այդ նույն Տավուշի գյուղերի բնակիչները կարծում էին, որ եկեղեցին մնալու է այն մյուս կողմը կամ այսինչ գետը մնալու է այսինչ կողմը, բա պետք է այդ ամեն ինչը վերհանվի։ Ուզում եք ասել՝ այնտեղ հստակ սահմանազատված եւ սահմանագծված տարածք կա՞, եւ մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնե՞ն։ Իհարկե, ոչ»։

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը նշեց կոնկրետ տարածք․ «Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց մասում։ Դա որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, եւ սահմանազատումն ու սահմանագծումը հենց դրա համար է արվում, որպեսզի այդ հարցերը լուծվեն։ Իմ ասածը հետեւյալն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք։ Մերը մերն է, իրենցը իրենցն է»։

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին՝ ԱԺ նախագահը մանրո՞ւք է համարում, որ ՀՀ տարածքներն օկուպացված են, եւ ադրբեջանցիները հետ չեն քաշվում։ «Չէ, ես դա մանրուք չեմ համարում, ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք։ Բայց եթե գոլոբալ ենք խոսում սահմանը վերականգնելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը։ Դրանից հետո մեր հարեւաննեի հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու, իրար հետ փոխայցեր են անելու, այդ բոլոր հարցրերը լուծվելու են»,- պատասխանեց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես վստահ եմ, որ այդ պայմանագրի կնքումով մենք դրան էլ կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ։ Եվ մենք կվերհանենք այն սահմանը, որով մենք անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»։

Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ռեւանշի ուղղությամբ քայլեր անում է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը։ «Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ բան փորձել պատադրելը։ Դրանով են իրենք սերմանում այն ռեւանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա։ Ես պնդում եմ, որ չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»։

f