«Վրացական երազանքը» մոտ 54 տոկոս է ստանում, ընդդիմությունը դա անվանում է սահմանադրական հեղաշրջում

  • 10:57 27.10.2024

Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո «Վրացական երազանքը» կհավաքի 54 տոկոս, այսինքն՝ կստանա 90 մանդատ 150 տեղ ունեցող խորհրդարանում»,- հայտարարլ է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, սա  հստակ ազդանշան է ընդդիմության համար։

Վրաստանի երկու ընդդիմադիր կուսակցություններ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքները։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինաթին Բոկուչավան ընտրություններն ու արդյունքները անվանել է «գողացված»։

«Մենք տեսնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարեց Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը և հայտարարեց արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ օլիգարխ Իվանիշվիլին գողացել է հաղթանակը վրաց ժողովրդից և դրանով իսկ գողացել եվրոպական ապագան»,- ասել է նա։

Նրա գործընկեր, «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան նույնպես ասաց, որ իր կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. «Ընտրությունները գողացել են։ Տեղի է ունեցել իշխանության յուրացում. Սա սահմանադրական հեղաշրջում է»։

Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքի ցույցեր կազմակերպել։