Ռուս սահմանապահները այսուհետ եւս “կպաշտպանեն” Հայաստանի սահմանները

  • 20:06 28.10.2024

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ագարակից ռուս սահմանապահների դուրս գալու հարցով պայմանավորվածություն կա։

«Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականի հունվարի մեկից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սամանապահ զորքերի կողմից։ Իսկ ընդհանուր հայ-իրանական սահմանի համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»,- ասաց Արմեն Աբազյանը։

Լրագրողները հարցրին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միանակ իրականացնել ծառայություն։ Ի պատասխան Արմեն Աբազյանն ասաց, որ փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայում նման որոշում չկա։

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», – ասված է գերատեսչության պատասխանում։

Հիշեցնենք, որ Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են որպես “ԽՍՀՄ” սահմաններ։ Հայ-ռուսական պայմանագրի մեջ նշված է, որ ռուսները դուրս կգան, երբ հայկական սահմանապահները ի վիճակի կլինեն պաշտպանել սեփական սահմանները։ 

Մինչ օրս ռուս սահմանապահները դուրս են եկել միայն Զվարթնոց օդանավակայանից եւ շուտով կլքեն Ագարակի անցակետը։ Մնացած ամբողջ սահմանագծին առաջվա պես կանգնած կլինեն ռուսները։