«Մեր վերջին առաջակը եղել է խաղաղության պայմանագրի գործընթացը արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք ունենալու համար համաձայնեցված դրույթները տանել ստորագրման։ Դատելով հրապարակային արձագանքներից, նաեւ շփումների ընթաքում հասկացանք, որ սա մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա եւս մեկ-երկու ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հավելեց․ «Ինձ մեղադրեցին զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց պետք է կրկին զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաեւ համաձայնության գալ այդ մեկ-երկու ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը բազմիցս խոսել է, նախապայման է առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն։ Որպես շատ կոնկրետ ու հզոր ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, ՍԴ-ն արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։