ВВС
Մոլդովայի գործող նախագահ, միասնական Եվրոպայի հետ մերձեցման կողմնակից Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն Սանդուի մրցակիցը՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, այլևս հնարավորություն չունի հասնելու նրան։ Սանդուն հաղթել է արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։
Ըստ տեղական ժամանակով առավոտյան յոթ անց կեսի տվյալների, երբ 2219 ընտրատեղամասերից միայն յոթի ձայները մնացել են չհաշվարկված, Սանդուն հավաքել է ձայների 55,35%-ը, Ստոյանոգլոն՝ համապատասխանաբար՝ 44,65%-ը։
Գիշերվա առաջին ժամի սկզբին, երբ Սանդուի առավելությունն իր մրցակցի նկատմամբ գերազանցեց ինը տոկոսային կետը, և ընտրատեղամասերի միայն մոտ երկու տոկոսի ձայները մնացին չհաշվառված, Սանդուն հնարավոր համարեց արդեն հայտարարել հաղթանակի մասին:
Ինչպես հաղորդում են գործակալությունները, Սանդուն ասել է, որ Մոլդովան է հաղթել այս ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին երկրում և արտասահմանում և խոստացել լինել բոլոր մոլդովացիների նախագահը։
«Մոլդովա, դու հաղթեցիր։ Ոչ ոք չպարտվեց մեր քվեարկության մեջ՝ հանուն արժանապատիվ ապագայի […] Ես լսեցի ձեր ձայնը՝ և՛ նրանք, ովքեր աջակցում էին ինձ, և՛ նրանք, ովքեր քվեարկեցին պարոն Ստոյանոգլոյի օգտին: Խոստանում եմ լինել ձեր բոլորի նախագահը»,- Սանդուի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ընտրատեղամասերի վերջին մոտ ութից ինը տոկոսում Սանդուն, առաջ անցնելով Ստոյանոգլոյից, արագորեն մեծացնում էր իր առավելությունը. արտերկրի ընտրատեղամասերի ձայները վերջինն են հաշվում, և Եվրոպայում ապրող բազմաթիվ մոլդովացիները ճնշող մեծամասնությամբ աջակցում են Սանդուին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: