Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։
NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։
«Հիմա Երևանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքն ուզում է Արցախում հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռևս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրա հետ չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակի իր խնդրանքով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորվել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: