Մեդիամաքսը հայերեն կհրատարակի «Մեր հայրերի մոխիրը» գիրքը

  • 12:50 16.01.2025

Մեդիամաքս մեդիա ընկերությունը ձեռք է բերել բրիտանացի լրագրող Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» (“Ashes of Our Fathers: Inside the Fall of Nagorno-Karabakh”) գիրքը հայերեն թարգմանելու եւ Հայաստանում հրատարակելու բացառիկ իրավունքը:

Գիրքն այս տարվա հունվարին լույս է ընծայել բրիտանական Hurst Publishers հրատարակչությունը:

Գաբրիել Գեւինի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը հասանելի է այս հղումով:

Մեկնաբանելով գիրքը հայերեն թարգմանելու մասին լուրը, հեղինակը Մեդիամաքսին ասել է.

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ:

Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ»:

Այս մասին հայտնում է Մեդիամաքսը։