Պապիկյան․ «Նա դիմադրություն ցույց չի տվել, և դա ցույց է տալիս, որ նա դիվերսանտ չէր»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներխուժման դեպքին եւ ասաց, որ թերացումներ են եղել։

«Իրականում հարցի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել թե ծառայողական քննությունների անցկացումից եւ թե նաեւ քննչական գործողությունների անցկացումից հետո։ Երբ ՀՀ պատկան մարմինները տեղեկացվել են դրա մասին, տեղի են ունեցել իրավական գործողություններ, այդ թվում՝ փնտրողական գործողություններ։ Եվ մնացածն արդեն դուք գիտեք՝ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասաց Պապիկյանը։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ տեղի ունեցածը դիվերսիա էր՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Կարող եմ ասել, որ տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել։ Դա արդեն իսկ ցույց է տալիս, որ նա դիվերսանտ չէր»։

Հարցին՝ թերացումներ եղե՞լ են հայկական կողմում այս դեպքով, Պապիկյանը պատասխանեց․ «Բնականաբար, թերացումներ եղել են, եւ այդ թերացումներն ունցել են եւ կունենան հետեւանքներ։ Բայց դրա ամբողջական հետեւանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»։