«Արդեն երրորդ ամիսն է, որ ադրբեջանական կողմը մեր առաջարկին որեւէ արձագանք չունի»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է։ «Դրա մասին մենք նաեւ զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Եվ կարծում եմ՝ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունն ունենալ»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի բարձրաձայնի՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, քանի որ դրա իրավունքը չունի։ Բայց ասաց, որ հայկական կողմը փաթեթ է ներկայացրել Ադրբեջանի, սպասում են պատասխանի։
«Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սրված այս իրավիճակի հետ։ Բայց համենայնդեպս հայկական կողմը սպասում է արձագանքի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավական մեծ դեր են խաղում եւ խաղացել վերջին շրջանի գործընթացներում։ Օրինակ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը, կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը»,- ասաց նա։
Դժվար թե Հայաստանն ընդունի Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ադրբեջանի հետ բանակցություններում, միաժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ, որ դա քիչ հավանական է: Իհարկե, մենք քննարկում ենք յուրաքանչյուր կոնկրետ առաջարկ, բայց անցյալի փորձը շատ վատ հիշողություններ է թողել, մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռևս չունենք»,- ասաց նա։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, բայց կողմերն ի վիճակի են դրանք վարել նաև ինքնուրույն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։