Իշխանությունը սկսել է “կեղծ դատավարություններից” խոսել, քանի որ Փաշինյանին էլ են մեղադրելու

  • 14:49 12.02.2025

Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները Հայաստանի ու Արցախի դեմ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սկզբում Ռուբեն Վարդանյանին ու մյուսներին վարկաբեկում էին, ինչ ասես ասացին՝ հլա հարց է, թե ո՞վ է, ինչո՞ւ է եկել, ի՞նչ էր ուզում անել։ Հիմա հասկացան, որ այդ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի ու մյուսների նկատմամբ չէ, Հայաստանի նկատմամբ է, Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ է, Արցախի նկատմամբ է։ Հիմա սկսել են բոլոր տեղերում գրել, որ շինծու դատավարություններ են տեղի ունենում, որովհետեւ հասկացան, որ այդ դատավարությունների թիրախն իրենք են։

Սկսել են առաջին պատերազմից, հիմա կգան կոնկրետ 44-օրյա պատերազմ, որտեղ կոնկրետ մեղավոր կնշեն Նիկոլ Փաշինյանի անունը։ Այո, Նիկոլ Փաշինյանին էլ են մեղադրելու, բա ի՞նչ պիտի անեն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել, որ դատավարությունը կեղծ է։ Իրոք, դա կեղծ է, շինծու է, բայց քանի դեռ իր մաշկին չհասավ վտանգը, չհասկացավ, որ չի կարելի այդ մարդկանց դիտել որպես քավության նոխազ եւ որոշել նրանց նկատմամբ կիրառել ամբողջ պատիժն ու դրանով ավարտել։

Այդպես չի լինում, Ադրբեջանը շատ հստակ ծրագիր է իրականացնում, ինքը Հայաստանը դիտելու է որպես ագրեսոր, որովհետեւ մենք ասել ենք՝ Արցախ չկա, Նիկոլ Փաշինյանը գնացել ստորագրել է։ Նիկոլ Փաշինյանը, դուրս մղելով Արցախին, ինքը եկել է մեջտեղ, դա այն է, ինչ ուզել է Ալիեւը։ Արցախի գործոնը վերացնելով՝ Հայաստանն ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

Եվ, ինչպես իրենք են ասում, դա եղել է ամբողջությամբ ՀՀ իշխանությունների ղեկավարությամբ իրականացված գործընթաց, եւ պատերազմի հետ կապված ամբողջ պատասխանատվությունն ուղղվել է Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին»։

Ռուստամյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են հետախուզում հայտարարել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նախկինում մի քանի անգամ դիմել են «Ինտրեպոլ»՝ այլ անձանց հետախուզելու համար, բայց մերժում են ստացել։ Հիմա կսկսեն նորից դիմել։

«Այն կողմից ձայն հնչեց, որ՝ մենք այս դատավարության մեջ ուզում ենք ունենալ Հայաստանի աջակցությունը, դրվագներ կան, որոնք լրիվությամբ բացահայտելու համար Հայաստանի աջակցությունն է անհրաժեշտ։ Այսինքն՝ մարդիկ են ուզում, որ գնան այնտեղ վկայություն տան, որ գնան որպես մեղադրյալ ընդգրկվեն։ Այսինքն՝ սա մի լուրջ պրոցես է, նոր-նոր սրանք պետք է հասկանան, թե ինչ ավեր են գործել՝ ճանաչելով Արցախն Արդբեջանի մաս»,- հայտարարեց Ռուստամյանը։

f