Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին այսօր լրագրողները հարցրել են, թե ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը փորձում Բաքվի թելադրանով փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած։ Եվ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Բաքվից պահանջ է ներկայացվում, որպեսզի Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն կա։
Ի՞նչ են ուզում փոխել Սահմանադրությունում, հարցին Արմեն Գրիգորյանը հստակ չպատասխանեց։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքներ են իրականացվելու, համակարգող հանձնաժողով է ստեղծվելու։ Հարցին, թե ի՞նչ վերանայումներ են լինելու, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջը։ Նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պատրաստվել ու հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջը։ Նաեւ այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք։ Եվ սպասելուց հետո որոշակի հստակեցուներ ունենալով՝ որոշել ենք նոր ռազմավարություն ունենալ»։