Նախարարը ասել է, թե ինչ է փոխվելու Սահմանադրության մեջ

  • 19:39 20.02.2025
ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի սպասվում։ Այս պահին չեմ կարող ասել, թե Սահմանադրության որ գլխի վրա են աշխատում, որ հոդվածներն են այս պահին մշակվել, որոնք են քննարկվել։ Ընդհանուր կոնցեպտն է քննարկվել, տեքստի ուղղությամբ էլ աշխատանքներ իրականացվել։ Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալիական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից»,– նշեց Գալյանը։
Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանը, ինչպես նաև առաջինից երրորդ և 203-րդ հոդվածներն անփոփոխելի դրույթներ են:

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասաց նախարարը:

f