Առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ․ Փափազյան

  • 16:17 26.02.2025

«Փաշինյանը Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայ համայնքներում շրջապտույտ ունեցավ, ինքն առաքելության մեջ էր, որ հարցականի տակ դնի Ցեղասպանությունը։ Իսկ ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետեւ Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանությունը հարցականի տակ դնի, եւ Ալիեւը պահանջել է, որ ինքը հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին»,- այսօր ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

Նա հավելեց, որ Փաշինյանի «իրական Հայաստանի» հայեցակարգը Հայաստանը ծնկի կբերի, որովհետեւ առանց պատմական Հայաստանի, առանց արմատների այսօրվա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։

Անդրադառնալով Սփյուռքում տիրող տրամադրություններին՝ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ինքն էր ընտրել, թե ում հետ հանդիպի, մոտ 30 անձանց էին զանգել, որոնցից 25-ը հայերեն չէին հասկանում։ Դաշնակցությանը չէին հրավիրել այդ հանդիպմանը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն էլ լրագրողներին ասաց, որ Սփյուռքի համար մտահոգիչ են Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության, Սփյուռք-Հայաստան հարաբարերությունների մասին եւ այլ հայտարարությունները։ «Սփյուռքի մեծամասնությունը, մանավանդ Եվրոպայում, այս վայրկյանին դեմ են նրան»,- ասաց Գասպար Կարապետյանը։

f