ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Հայաստանի ժողովրդի եւ քաղաքական ուժերի հիմնական մասն ուզում է, որ իրեն չարդարացրած Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այսօր միայն Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցը բավական է՝ ընդունելու, որ վարչապետն իր տեղում չէ։ Չեկիստի որդի Ալիեւը աշխատում է նույն չեկիստական ոգով, պատանդ է պահում մարդկանց։ Եվ այդ պայմաններում հանկարծ Հայաստանի ղեկավարը համարում է, որ նրա հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Միջազգային իրավունքի ենթակա Հայաստանի ղեկավարը, այդքան լծակներ ունենալով, ոչ մի քայլ չի անում։ Միայն դա բավական է ասելու, որ դու քո տեղում չես։ Նույնիսկ միասին հայտարարություն են ընդունել, որ գերիներ չպետք է լինեն, բայց ինքը թույլ է տալիս, որ պատանդներ լինեն, այն էլ խաղաղ պայմաններում»,- ասաց Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ այսօր խնդիրն իրավիճակը կտրուկ փոխելն է։ «Ենթադրենք Նիկոլը զարթնեց ու հեռացավ, մենք պետք է հասկանանք, որ նույն իրավիճակի առաջ կարող ենք կանգնել։ Ուստի, ամենակարեւորն այն է, որ մենք հենց սկզբից իմանանք, թե որն է ճանապարհը։ Հայ ժողովրդին տրվել է այնպիսի համակարգ ունենալու հնարավորություն, որ քաղաքացին մշտապես լինի տերը։ Ամենակարեւորը քաղաքացիների՝ երկրի կառավարմանն իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքի ապահովումն է, սա նորույթ է ամբողջ աշխարհի համար»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սահմանադրության իր հեղինակած նախագիծը։
Ըստ Հայրիկյանի՝ պետք է համաշխարհային ուշադրությունը բեւեռելու նպատակով հրապարակայնորեն խոսել, որ մենք չենք ուզում չեկիստական ոգով աշխատողի հետ որեւէ հույս կապել, ոչ մի խաղաղության պայմանագիր։
Անդրադառնալով Սումգայիթում 1988 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին՝ Պարույր Հայրիկյանն ասաց․ «Այդ հանցագործությունն ադրբեջանական քրեական տարրերի օգտագործմամբ կազմակերպել էր Մոսկվայի ԿԳԲ-ն»։