
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում ասել է, որ մտադիր է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի և պատժամիջոցների վերացման շուրջ, սակայն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ երկխոսությանը։
«Ես կարծում էի, որ մենք պետք է երկխոսենք (ԱՄՆ-ի հետ – խմբ.), բայց Գերագույն առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չպետք է լինեն։ Արդյունքում մենք ասացինք, որ չենք երկխոսելու Ամերիկայի հետ», – ըստ IRNA-ի, ասել է Փեզեքշիանը:
Հունվարի վերջին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանի բանակցությունները եվրոպական երկրների հետ շարունակվում են։ Նրա խոսքով, միջուկային գործարքի կողմերի նկատմամբ Իրանի անվստահությունը վերացնելը հնարավոր է արդյունավետ քայլերով ու կոնկրետ քաղաքականությամբ, այլ ոչ միայն խոսքերով։ Նախարարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնեն, եթե տեսնեն դրանք հավասար հիմունքներով վարելու հնարավորություն։