Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Ընդ որում, լրատվամիջոցի տեղեկացմամբ, զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների զանգվածային սպանությունները։
«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանել։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաների, դրուզների, ալավիների և քրդերի համայնքները, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների այս ջարդերը»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Իրանը հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: