Ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը. Գերմանիայի հետախուզության ղեկավար

  • 22:45 09.03.2025

Ուկրաինայից հետո ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը։ Այս տագնապալի հայտարարությունն արել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

Ըստ Կալի՝ Կրեմլը լրջորեն քննարկում է գործնականում փորձարկելու՝ արդյոք ներկայումս գործում է դաշինքի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը։ Դրանում, հիշեցնենք, ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը ագրեսիա է ողջ դաշինքի դեմ և ենթադրում է անհրաժեշտ հակաքայլեր։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա… Բայց պետք է նկատի ունենալ, որ Մոսկվան ցանկանում է փորձարկել մեզ, ցանկանում է փորձարկել Արևմուտքի միասնությունը»,- ասել է գերմանական հետախուզության ղեկավարը։

Նա պարզաբանել է, որ իրավիճակն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես և երբ կավարտվի ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ըստ Կալի՝ եթե Կրեմլը դադարեցնի հակամարտությունը մինչև 2029-2030 թվականները, ապա կկարողանա համեմատաբար արագ վերականգնվել՝ Եվրոպային հարվածելու համար։

f