Լիաննա Պետրոսյան․ բոլորն էին համակարծիք, որ 50 հազ․ աջակցությունը շարունակվի

  • 10:12 15.03.2025

Lianna Petrosyan-ը գրում է, որ մարտի 13-ին հրավիրված ներկա է գտնվել ՀՀ ՏԿԵ նախարարին կից Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին, որին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև խնդրով հետաքրքրված որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում 1 հարց էր՝ «Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագծի վերաբերյալ զեկուցում», որը ներկայացրել է ԱՍՀՆ տեղակալ Աննա Ժամակոչյանը։

“Կառավարության անդամների հետ ծավալվեց թեժ բանավեճ, ամեն կերպ փորձ արվեց՝ ներկայացնել, որ Կառավարության ծրագրերը լավագույնն են, և ես միտումնավոր դժգոհում եմ դրանցից, ավելին՝ չեմ նպաստում, որ տեղահանվածներն օգտվեն բնակապահովման ծրագրից, բոյկոտում եմ քննարկման ներկայացված նոր որոշման նախագիծը, ինձ «մեղադրեցին» նույնիսկ տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն չստանալու և այլ «ապակողմնորոշիչ» գործունեության համար։

Սակայն, բարեբախտաբար, ինձ հետ համակարծիք են ինչպես մեր հազարավոր հայրենակիցները, այնպես և նիստին հրավիրված հյուրերը և խորհրդի կազմում ընդգրկված անձանց մեծամասնությունը”, գրել է Լիաննա Պետրոսյանը։

Նա կոչ է արել Կառավարությունը մշակել բոլոր տեղահանվածների շահերից բխող ծրագրեր։

Ինչ վերաբերում է քննարկմանը, ներկաների մեծամասնությունը նշել է, որ 40+10-ը պիտի շարունակվի և չփոփոխվի՝ տարբերակելով խոցելի խմբերին։

f