Ռուսական RT ​​գործակալությունը Բաքվին սադրում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների

  • 11:51 18.03.2025

Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի հրաձգարաններ: Այս մասին հաղորդում է ռուսական պետական Russia Today լրատվականը։ Ըստ փաստաթղթերի, որոնք ուսումնասիրել է RT-ն, փոխադրումը նախատեսում են իրականացնել Վրաստանի տարածքով։

Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը: Վերադարձը Գերմանիա, ինչպես ասվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորումներ, ներառյալ տրանսպորտային միջոցները, գեներատորները և մասնագիտացված բեռնարկղերը:

Թեկուզ ասվում է, որ զենքը հետ կվերադարձվի Գերմանիա, ակնարկներ կան, որ ԱՄՆ-ը զենքը հենց այնպես չի տեղափոխում, և կարող է այն նույնիսկ թողնել Հայաստանում, ինչը պետք է “կանխել”։ 

Երևանի և Բաքվի միջև ստեղծված իրավիճակում, երբ Բաքուն՝ «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցման մասին հայտարարելուց հետո, ապատեղեկատվություն է տարածում իբր Հայաստանի կողմից կրակ բացելու մասին, Russia Today-ի տեղեկությունը հնչում է որպես Բաքվին սադրելու միջոց։

Ռուսաստանը խնդիր ունի «վերադառնալ» Սյունիք և «հսկել» Մեղրիի ճանապարհը։ Դրա համար նրան պետք են ռազմական գործողություններ, որոնց արդյունքում նրանք կգան Հայաստանը «փրկելու» թուրքերից։