Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում են կառավարությունից:
Նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։
Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել և այս հարցում համակարծիք են եղել։
Ըստ ամերիկյան կողմի՝ Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար։
Նույն օրը Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության ու առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Ուկրաինան, Սիրիան, Թուրքիայում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային, որը ո՛չ միջազգային ահաբեկչության հենակետ կլինի, ո՛չ էլ ճանապարհ Իրանի ապակայունացնող գործողությունների համար», – գրված է հաղորդագրության մեջ։