Աղդամի վերաբերյալ որոշում չի կայացվել, Բաքուն հույսը կապում է Ռուսաստանի հետ

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, մեկնաբանելով երեկվա ինտենսիվ քննարկումների մասին տեղեկությունները, ասաց, որ որոշումներ չեն կայացվել, այդ թվում՝ Աղդամի ճանապարհի հարցում։ Բայց այսօր քննարկումները կշարունակվեն, իսկ վաղը կարող է հայտարարություն լինել, ասաց նա։

Օսիպյանը նշեց, որ խնդիրները հաղթահարելու համար Արցախը պետք է գործոն դառնա: Օգոստոսի 24-ին ժամը 20-ին մենք գնում ենք Վերածննդի հրապարակ։ Պետք է պահանջ առաջ քաշել 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի բացման մասին, դիմել ռուս խաղաղապահներին ու նրանց հետ միասին բացել միջանցքը, նշել է նա։

«Մենք պատասխան ենք պահանջելու Արայիկ Հարությունյանից, իսկ եթե նա պատասխան չունենա, պետք է ենթարկվի հասարակության ճնշմանը»,- ասաց Օսիպյանը։

Բաքուն իր հերթին ուշադրությամբ հետևում է քննարկումներին․ ասվում, որ Ստեփանակերտը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի, բայց իրենք մեծ հույս են կապում Ռուսաստանի հետ։

Պատգամավոր Վահիդ Ահմադովն ասում է, որ հայերի դուրսբերումը Ղարաբաղից պետք է շարունակվի. «Այս գործընթացն արդեն սկսվել է և շարունակվելու է։ Այսօր Ռուսաստանը հիանալի հասկանում է իրավիճակը և հանդիսանում է հիմնական պետությունը, որը ղեկավարում է այս գործընթացը»։

Անվտանգության փորձագետ Իլհամ Իսմայիլն իր հերթին ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Պոլյանսկու ելույթը, որը տարբերվում էր այլ մշտական ​​անդամների ելույթներից, համապատասխանում էր Ադրբեջանի շահերին եւ լավատեսության պատճառներից մեկն է»: