Խնածախում կրակում են, Բաքվի նախարարն էլ հրամայում է “պատասխանել սադրանքներին”

Խնածախի մասին մեր թղթակցի նյութը կարդացեք այստեղ

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ուղղությամբ այսօր գիշերը կրակոցներ են եղել, տեղացիները լսել են դրանց ձայները, «Ազատությանը» հայտնեց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Ժամը 10:20-ից սկսած, փոփոխական ժամեր են, մինչև առավոտվա 4:30: Լինում է մի քանի վայրկյան, հետո դադար են տալիս ու նորից», – ասաց նա:

Սեյրան Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել:

Կան տվյալներ, որ կրակոցներ են հնչել ոչ միայն Խնածախում։ ՊՆ-ն սակայն հաղորդագրություն է տարածել միայն ինչ-որ կեղծ տելեգրամ-ալիքների մասին։

Այնինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլի 5-ին, ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Երևանի «սադրանքներին»։

Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ցանկացած սադրանքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական ​​հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը», գրում են տեղական լրատվամիջոցները։