Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօրվանից քննարկումներ է սկսել Ազատության հրապարակում։ «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը լրագրողներին ասաց, որ ավելի վաղ ներկայացված օրակարգի շուրջ մինչեւ ապրիլի 15-ը քննարկումներ են անցկացնելու հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Այսօր առաջին քննարկումն է ընթանում, մասնակցում են Արցախի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ղեկավարներն ու անդամները։
Անաստաս Իսրայելյանն ասաց, որ ապրիլի 15-ին արդեն կհայտարարվի հաջորդ հանրահավաքի օրն ու վայրը։ «Այն 12 կետանոց փաթեթը, որը ներկայացված է կառավարությանը՝ որպես պահանջ, այդ օրակարգի շուրջ են քննարկումները գնում։ Օրակարգից շեղում չի լինելու»,- ասաց նա։
Հարցին, թե Արցախի իշխանությունները համակարծի՞ք են իրենց օրակարգի հետ, Անաստաս Իսրայելյանն ասաց, որ այս քննարկումների ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր են աջակցում այս գործընթացներին։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, նա ասաց․ «Եթե ասում եք՝ արցախցիները 40+10 հազարի համար են կռիվ անում, ես էլ պատասխանում եմ որպես արցախցի, ասում եմ՝ հանեք 40+10-ի հարցը, մեզ տվեք մյուս հարցերի պատասխանները։ Իմ հայրենիքը վերադարձրեք, արցախցին Արցախում ապրելով ոչ մեկից հաց չի ուզել, ոչ մեկից փող չի ուզել, աշխատել ու ստեղծել է»։