ԱՄՆ-Իրան հանդիպումը կկայանա այսօր. Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից

  • 12:00 12.04.2025

ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ բանակցություններում՝ քննարկելիս իր միջուկային ծրագիրը։ Այս մասին Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերի» մեջ է մտնում Իրանի՝ միջուկային զենքի արտադրության դադարեցումը։ Հատուկ բանագնացն ասել է, որ Թրամփի վարչակազմի առաջին պահանջը Օմանում շաբաթ օրը կայանալիք բանակցությունների ժամանակ կլինի, որ Թեհրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն նա խոստովանեց, որ համաձայնության հասնելը կարող է «փոխզիջումներ պահանջել»:

Վիտկոֆը հավելել է, որ եթե Իրանը հրաժարվի փակել իր միջուկային ծրագիրը, ինքը հարցը կուղարկի Թրամփին՝ որոշելու, թե ինչպես վարվել:

Վիտկոֆը նաև ասաց, որ իրանական պատվիրակության հետ առաջին հանդիպումը նպատակաուղղված կլինի վստահության ձևավորմանը: Ուշադրության կենտրոնում կլինի այն, թե ինչու է ԱՄՆ-ի և Իրանի համար այդքան կարևոր համաձայնության հասնելը, «ոչ թե դրա ստույգ պայմանների շուրջ», հավելել է հատուկ բանագնացը: