«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում։ Եվ դրա վերջին արարն այն էր, երբ իրենք ԼՂ-ում իրականացրեցին իշխանափոխություն, եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց ԼՂ-ն հայաթափվեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նախկիներին մեղադրելուց հետո Ռուբինյանն ասաց, որ ՔՊ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի ԼՂ ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել ԼՂ-ում։ «Բայց հետո եղավ այն, ինչ եղավ։ Այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ ԼՂ ներկայացուցիչներն ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ՝ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ»,- հավելեց նա։
Լրագրողները հիշեցրին, որ Բաքուն այդ բանակցությունների ժամանակ պարտադրելու էր լուծարել Արցախն ու ինտեգրվել Ադրբեջանին, դա՞ էր ՔՊ-ի առաջարկած օրակարգը, Ռուբինյանը պատասխանեց․ «Ներողություն, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂ-ում իշխանափոխության իրականացումից հետո էդ լուծարումը տեղի ունեցավ, թե՞ տեղի չունեցավ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրե՞լ, թե՞ իրենք»։ Դիտարկմանը, որ Արցախի իշխանությոնները եւ տարբեր գործիչներ հայտարարել են, որ այդ փաստաթուղթն առոչինչ է, մեկ անձը չի կարող ժողովրդի հանրաքվով հաստատված հանրապետություն լուծարել, Ռուբինյանը պատասխանեց․ «Մարդիկ բան են ստորագրել, ի՞նչ է նշանակում առոչինչ է»։
«Հիմա դուք լսե՞լ եք ԼՂ էլիտայի որեւէ ներկայացուցիչ, որ խոսի անկախության մասին։ Իրենք խոսում են ԼՂ ժողովրդի իրավունքների մասին։ Այսինքն՝ երբ ԼՂ ժողովուրդն այնտեղ էր, եւ մենք առաջակում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին՝ դավաճան։ Հիմա, երբ ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացվել, եկել են մեր ասածին։ Ես ուզում եմ ԼՂ մեր ժողովրդին, որոնք մեր քույրերն ու եղբայրներն են, ասել, որ ՀՀ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի, եւ թող հեռու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ ԼՂ ժողովրդի միջեւ»,- ասաց Ռուբինյանը։
Լրագրողները հարց տվեցին՝ եթե իշխանությունները չեն թիրախավորում արցախցիներին, ինչո՞ւ են ասում՝ «միտինգի մատերիալ», «մսացու»։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց․ «Ինչո՞ւ եք խեղաթյուրում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ են, այլ ասում էր՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու իրենց խմբակները փորձում են ԼՂ ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայնեք՝ դրանք տարբեր բաներ են»։