Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է օտար քաղաքական գործիչներին խնդրում չպաշտպանել Հայաստանի շահերը

  • 17:57 15.04.2025

Հայաստանը բացասական հետևանքներ է ունենում որոշ արտասահմանյան քաղաքական գործիչների իբր հայանպաստ, բայց իրականում պոպուլիստական ​​հայտարարություններից։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որոշ երկրներում, որտեղ ընտրություններ են սպասվում, կլինեն թեկնածուներ, ովքեր կհայտարարեն, որ պատրաստ են զոհաբերվել հանուն հայ ժողովրդի։ Ես արդեն ասել եմ մեր որոշ միջազգային գործընկերներին, և ոմանց ավելի կտրուկ կասեմ, որ նրանք բացահայտ անտեսում են մեր երկրի շահերը՝ հանուն իրենց ընտրազանգվածի»,– հավելեց Փաշինյանը։

Կոնկրետ ո՞ւմ հայտարարություններին է ակնարկում Փաշինյանը։ Դժվար է հիշել քաղաքական գործիչների «հայամետ» նախընտրական հայտարարություններ, ասենք, Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Գերմանիայում։ Նույնիսկ Ֆրանսիայում, կարծես թե, ընտրությունների ժամանակ նման հայտարարություններ չեն հնչում, հատկապես՝ պոպուլիստների կողմից։ Թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական թեման հազիվ թե կարելի է պոպուլիստական անվանել։

Թերևս Փաշինյանը նկատի ունի Եվրախորհրդարանի, Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարանների բանաձևերը, որոնք իսկապես պաշտպանում են հայկական շահերը։ Կամ ԵԽ նախագահի վերջին հայտարարությունը, ով Ալիեւին մեղադրել է Արցախում էթնիկ զտումների եւ եվրոպական կառույցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Իսկ գուցե Փաշինյանը նկատի ունի Գերմանիայի նախագահ Շտայնմայերի՝ Երեւանում արած հայտարարությունն ու Արցախի դրոշով X-ում նրա գրառումը։

Հայաստանի իշխանությունը լավագույն դեպքում ձևացնում է, թե նման հայտարարություններ չկան և «շունը հաչում է, քարավանը առաջ է գնում»։ Բայց շատ դեպքերում Փաշինյանն անձամբ կամ իր “դիվանագետների” միջոցով եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է անում չպաշտպանել Հայաստանի շահերը՝ “սպառնալով” պատերազմով։ Այդպես էր 2023 թվականին, երբ Փաշինյանի դիրքորոշումը խանգարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարմանը։ Սրանից հետո Մակրոնը հայ համայնքի հետ զրույցում խոստովանել է, որ խնդիրները պետք է փնտրել Հայաստանի կառավարությունում։ Նույնը եղավ Փաշինյանի՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսում, երբ գերմանացին հայտարարեց ինքնորոշման իրավունքի մասին, և Փաշինյանը չնկատելու տվեց այս հայտարարությունը՝ շեշտը դնելով միայն տարածքային ամբողջականության վրա։

Այս բոլոր հայտարարությունները կապված չէին պոպուլիզմի կամ ընտրությունների հետ, և դրանք կյանքի չկոչվեցին Հայաստանի իշխանության դիրքորոշման պատճառով։

Հիմա Փաշինյանը բացահայտ խոստովանում է, որ ինքն է մեղավորը, ու ասում, որ այսուհետ եւս ոչ մեկին թույլ չի տա պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Որ հանկարծ չպարզվի՝  Հայաստանը դաշնակից ունի։