Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, ադրբեջանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, նշել է, որ կողմերը չպետք է աչք դնեն միմյանց տարածքին։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Արտեմ Տոնոյանը։
Իրանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն դեպքում, երբ հաստատվեն քաղաքական և առևտրային հարաբերություններ՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։
«Այս խնդիրը լուծելուն նպաստելու համար մենք այժմ աշխատում ենք Իրանով անցնող ճանապարհի նախապատրաստման վրա, որպեսզի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը Ադրբեջանից կարողանան Նախիջևան հասնել Իրանի տարածքով», – ասաց Պեզեշկիանը։
Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Թեհրանն ու Բաքուն արդեն համաձայնության են եկել այս հարցի շուրջ, և Պեզեշկիանը հույս է հայտնել, որ որևէ խոչընդոտ չի առաջանա։
Իրանի նախագահին նաև հարցրել են Թեհրանի դիրքորոշման մասին Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Հակամարտությունը սկսվում է, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողություն հաստատել մյուսի սահմանների կամ տարածքի նկատմամբ։ Հետևաբար, մենք միշտ աջակցել և կարծում ենք, որ պետք է շարժվենք երկրների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ», – ասաց Պեզեշկյանը։
Բոլոր երկրները, ըստ նրա, ճանաչել են այդ սկզբունքները, և Թեհրանը հույս ունի, որ հնարավոր կլինի կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները միջազգային իրավունքի շրջանակներում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Թեհրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և նույն սկզբունքով կպաշտպանի նաև Հայաստանի իրավունքները։ Իրանը կձգտի ապահովել, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հիմնվելով խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ցանկության վրա։