Իրանը խոսում է Բաքվի հետ Սյունիքի հարցով․ դեսպան

  • 23:46 17.06.2025

«Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպես նաև հավանական մտահոգությունների վերաբերյալ խոսել ենք և կխոսենք», – այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստանի Սյունիքի մարզի վրա հնարավոր հարձակումների հարցը, և արդյոք Բաքվից հավաստիացում ստացել են, որ նման քայլի չի դիմի՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

«Մեր դիրքորոշումը հստակ է», – ի պատասխան «Ազատության» հարցերի ասաց դիվանագետը՝ շարունակելով. – «Ադրբեջանի դիրքորոշումն էլ հստակ արտահայտվել է՝ նրանք դատապարտել են ագրեսոր ռեժիմի կողմից իրականացված գործողությունները»:

“Սակայն, մենք գործ ունենք փաստերի հետ, մնում ենք զգոն։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը նույնպես հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ և պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում։ Այս ժամանակահատվածում երկրների վարքագիծը կազդի նրանց հետ մեր ապագա հարաբերությունների վրա։ Ընկերներն ու թշնամիները հայտնի են դժվար ժամանակներում», – նշել է Մեհդի Սոբհանին։

Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար, հավելել է նա։

Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են, աել է Սոբհանին։

«Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», – նշեց նա։

Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական հասարակության մեջ  հուսահատության կեղծ տպավորություն ստեղծել։

Ես նման տեղեկատվություն չունեմ, հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Նախիջևանի և Ղարաբաղի տարածքից Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին տեղեկատվությունը։

Սոբհանին հայտնեց, որ Իրանը կապի մեջ է բոլորի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարության հետ։ «Մենք խոսել ենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, և մենք նաև խոսել ենք և կքննարկենք հնարավոր մտահոգությունների մասին», – հավելել է դեսպանը։

Մենք որևէ տեղեկություն չունենք միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով ճառագայթման արտահոսքի մասին, ասել է Մեհդի Սոբհանին։ Նրա խոսքով՝ ԱՏԷՄԻԳ-ը նույնպես համապատասխան զեկույց չի հրապարակել։

Նա հավելեց, որ Նաթանզիի միջուկային կայանը շատ հեռու է Հայաստանից, և անհանգստանալու պատճառ չկա։

Նա հավելեց, որ Իսրայելի կողմից ԱՄՆ-ին դիմելը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակին և վախենում է պարտությունից։ ԱՄՆ նախագահի սպառնալիքները ցույց են տալիս, որ թշնամիները պարտության եզրին են, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ «Պարոն Թրամփը հիմա նստած է մեռած ձիու վրա։ Հիմարություն է կրկնել նույն սխալները և սպասել այլ արդյունքի», – նշեց դեսպանը։

Ամեն օր մոտ 600 բեռնատար է հատում հայ-իրանական սահմանը երկու ուղղություններով, սակայն ավտոբուսների թիվը նկատելիորեն նվազել է, ասել է Մեհդի Սոբհանին։

«Մինչ սրացումը, շաբաթական մինչև 20 չվերթ էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Այժմ դրանք չեղարկվել են, ուստի Հայաստան գալ ցանկացողները ստիպված են ճանապարհորդել ցամաքային ճանապարհով», – ասաց դիվանագետը։

Սոբհանին մատնանշեց իրանական կողմի խնդիրը ուղևորներ տեղափոխող ավտոբուսների հետ։ Այսպիսով, նախորդ օրը 30 իրանցի արվեստագետներ ստիպված էին Ռուսաստանից և Թուրքիայից գալ Հայաստան։ Այնուհետև նրանք հայկական ավտոբուսներով վերադարձան Իրան։

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ “Հիմա համացանցում կա քարտեզը, թե որտեղով են ինքնաթիռներ թռչում, և ակնհայտ է, որ Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար»:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, այլև անվտանգային:

«Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց նա։

«Թիվ մեկ ռիսկնային է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաև այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն ասաց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ սահմանին տեղաշարժ չկա այս պահին։

«Պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելեց ԱԺ նախագահը։

Իրանի եւ Իսրայելի հայերի տարհանման մասին այս պահին տեղեկատվություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հարցնին, թե Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների հետեւանքով այդ երկրների հայ համայնքները կարող են վտանգի տակ հայտվել, քննարկվո՞ւմ են հայերի տարհանման կամ նրանց աջակցելու հարցերը, Խանդանյանը պատասխանեց․ «Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն, եթե նման խնդիր առաջանա, արդեն կքննարկենք։ Ցավոք սրտի, մենք ունենք այդ փորձառությունը, պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ Սիրիայում, օգնություն տրամադրելու կամ որեւէ կերպ նրանց խնդիրները լուծելու։ Այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի, արդեն Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կաձագանքեն»։