
«Իմ սերունդը պատանեկություն չի տեսել։ Իմ սերունդը չափազանց վաղ հասունացավ։ 2020 թվականի դաժան պատերազմը մեզ բառացիորեն առերեսեց իրականության հետ՝ երիտասարդների ամենօրյա հուղարկավորություններ, ծնողների արցունքներ։ Հետո՝ շրջափակում, որը մեզ ամեն օր համոզում էր, որ աշխարհն այնքան էլ արդար չէ, որքան մենք մի ժամանակ կարծում էինք։ Իսկ բռնի տեղահանությունը բացահայտեց մեկ այլ ճշմարտություն՝ աշխարհը կարող է անտարբեր լինել մի ամբողջ ազգի նկատմամբ։
Մենք վաղ անկախացանք։ Հասնելով Հայաստան՝ մենք հասկացանք, որ այլևս ծնողական աջակցություն չի լինի, և մեզ սպասում է դժվար չափահաս կյանք։ Երբ հայտնվում եմ հայաստանցի հասակակիցների շրջապատում, մեկ-մեկ զարմանում եմ նրանց անհոգությունից՝ կարծես նրանք դեռ մանկության մեջ են՝ «վարդագույն ակնոցներով»։
Այսպես է մտածում արցախցի 18-ամյա Մարիաննան։
Նա խոստովանում է, որ հազիվ է հիշում, թե ինչպես է ապրել մանկության տարիներին։ Մնացել է միայն մի անորոշ զգացողություն, որ մի ժամանակ ինչ-որ ուրախ և անհոգ բան կար։ Բայց Արցախում վերջին օրերը հստակ է հիշում՝ այնքան, որ հիմա փորձում է խուսափել մանրամասներից։
«Երբ սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը, քույրերիս հետ դասարանում էինք։ Սարսափելի էր։ Կապ չկար, ինտերնետ չկար՝ մեր հարազատների համար վախն ավելի մեծ էր, քան մեր սեփական կյանքի համար անհանգստությունը։ Հետագայում պարզվեց, որ արկի բեկորից վիրավորվել էր մայրս, իսկ սահմանամերձ գյուղից մի փոքրահասակ ազգականի էին բերել ծանր վիրավորված։ Մենք անընդհատ ռմբակոծության տակ վազում էինք հիվանդանոց…»
Մարիաննայի հայրն այդ ժամանակ առաջնագծում էր, և նրա հետ նույնպես կապ չկար։
«Հրթիռներից մեկը պայթեց մեր կիսանկուղային ապաստարանի մուտքի մոտ։ Մենք բոլորս խլացանք։ Երբ փոշին ցրվեց, տեսանք, որ բեկորը կպել էր ջրով լի բանկային։ Հրաշքով ոչ ոք չտուժեց՝ ապակին պարզապես սահեց մի քանի երեխաների հագուստով»։
Աղջկա համար ամենադժվարը այն լուրն էր, որ հայերը պետք է լքեն Արցախը։
«Ես չէի հավատում։ Նույնիսկ երբ ես և իմ ընտանիքն արդեն մեկնման ընդհանուր շարասյան մեջ էինք, նույնիսկ երբ ադրբեջանցի և ռուս զինվորականները միասին կարգավորում էին երթևեկությունը, ես չէի հավատում, որ սա վերջն է։
Երկու օր ճանապարհին՝ ցուրտ, սով, ջրի բացակայություն, դժոխք էր թվում։ Ես չէի կարողանում հասկանալ. ինչի՞ համար են մեզ այսպես տանջում։ Որտե՞ղ է արդարությունը։ Որտե՞ղ է այն խաղաղությունը, որին մենք հավատում էինք»։
Մարիաննայի ընտանիքի համար Հայաստանում նոր պայքար սկսվեց՝ գոյատևման համար։ Նրանք ստիպված էին բուժել վիրավորներին, վճարել չափազանց բարձր վարձ բնակարանի համար։ Աղջիկը զարմացած էր, որ այստեղ՝ Հայաստանում, նրանք բախվել էին որոշ տեղացի բնակիչների դժգոհությանը։
«Մենք սովորական ընտանիք ենք, և, ինչպես շատ հարկադիր փախստականներ, մենք բախվել ենք ամենադժվար սոցիալական խնդիրներին։ Ես չէի ուզում վերադառնալ քոլեջ, քանի որ ընտանիքս շտապ գումարի կարիք ուներ։ Ընդամենը 16 տարեկան էի, բայց գնացի աշխատանք փնտրելու։ Ինձ ամենուրեք մերժում էին. ասում էին, որ ես փխրուն եմ, առանց փորձի։ Ի վերջո, ես աշխատանքի անցա մթերային խանութում։ Գործատուն հրաժարվեց պաշտոնապես գրանցել ինձ՝ պահանջելով ութժամյա աշխատանքային օր՝ վեցի փոխարեն։ Քանի որ ես շարունակում էի ուսումս, երբեմն ստիպված էի արձակուրդ խնդրել։ Հետո ստիպված էի աշխատել օրական մինչև 11 ժամ։ Աշխատավարձի ուշացումներ չկային, այդ պատճառով ես շարունակեցի այս աշխատանքը»։
Մարիաննան վերջերս դարձավ 18 տարեկան։ Նա հանձնեց ավարտական քննությունները, թողեց նախկին աշխատանքը և այժմ փնտրում է նորը իր մասնագիտությամբ։ Սակայն առաջացել է մեկ այլ խնդիր՝ փորձի պակաս։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ ամեն ինչ կստացվի, որ կհանդիպի հասկացող գործատուի։
Աղջիկը չի կորցնում վերադառնալու հավատը։
«Վերադառնա՞լ Արցախ։ Ես դեռ հավատում եմ դրան։ Հասկանում եմ, որ դժվար կլինի, որ պայքար է պետք։ Հասկանում եմ, որ այնտեղ նույնը չի լինի, ինչ նախկինում։ Բայց հույս ունեմ, որ իմ սերունդը, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, կդառնա այն ուժը, որը կվերականգնի Արցախը»։
Ալվարդ Գրիգորյան