Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

  • 12:46 01.09.2023

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են կուտակում Սոթքի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:  Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: