Հանրային խորհրդի անդամ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը բացասական է որակել Արցախում ընթացող ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նա նշեց, որ «ավելի վաղ Հանրային խորհրդի` նախագահի հետ հանդիպման ժամանակ ես բարձրացրել եմ նրա հրաժարականի հնարավորության հարցը։ Բայց նախագահը վստահեցրեց, որ դա անհնար է, իսկ եթե դա լինի, ապա նրա միայն ֆիզիկապես հեռանալու դեպքում։
«Փաստորեն, նրա հրաժարականի դիմումն այժմ ԱԺ-ում է։
Ես անձամբ առաջարկում եմ, որ խորհրդարանը մերժի Հարությունյանի հրաժարականի դիմումը, քանի որ դրա մեջ չկան հիմնավորումներ ու լուրջ գործոններ։
Իսկ այն, ինչ ասվում է ասեկոսեների մակարդակով, ընդհանրապես անհասկանալի է, ընթացքն էլ ուղղակի անընդունելի՝ կանոնները թելադրում են մարդիկ, ովքեր դրա բարոյական ու իրավական իրավունքը չունեն։ Եվ հրաժարական տալով՝ Հարությունյանը փաստացի «գցում է» ժողովրդին։ Նա խուսափում է պատասխանատվությունից։ Անգամ առանց հաշվի առնելու, որ, ըստ էության, թեկուզ նրա կառավարումը այնքան էլ հաճելի չէր, բայց նրան հանդուրժում էին, աջակցում ու նույնիսկ օգնում էին հակառակորդները, միայն թե նախագահի ինստիտուտը պահպանվեր»։
Ավանեսյանի խոսքով, հրաժարականը բազմաթիվ այլ խնդիրներ է առաջացրել։
«Հասարակությանը պետք է պատասխան տալ՝ ո՞րն է նախագահի հրաժարականի իրական պատճառը։ Իսկ նորանշանակի ժամկետը լիարժեք ժամկետ կհամարվի՞։ 2025 թվականին նա իր թեկնածությունը կառաջադրի՞ ընտրություններում։
Եվ ոչ պակաս կարևոր հարցեր՝ խորհրդարանը նախագահ ընտրելիս հաշվի կառնի՞ վերջին նախագահական ընտրությունների արդյունքները։ Ինչը կլիներ տրամաբանության մեջ։ Պատերազմից հետո շատ բան է փոխվել, ուստի վերջին ընտրությունների արդյունքները պայմանական են, իսկ ուրիշներ չունենք։ Այսինքն՝ ի՞նչ չափանիշներով է ընտրվելու հաջորդ նախագահը, ով կկառավարի երկիրը առաջիկա երկու տարիներին”։