Երևանում բացվեց «Խառնել-Միացնել»՝ Ստեփանակերտի Վերնատուն ակումբ-ցուցասրահը

  • 12:14 10.09.2025
Վահան Շահրամանյանի նախաձեռնությամբ և մեծ էնտուզիազմի շնորհիվ Երևանում՝ Հալաբյան փողոց 34/ա հասցեում, «Խառնել-Միացնել» անվամբ վերստին իր դռները բացեց Ստեփանակերտում գործող “Վերնատուն” ակումբ-ցուցասրահը։
Այստեղ ներկայացված են արցախցի լավագույն նկարիչների ստեղծագործությունները՝ Էդմոն Պետրոսյան (Դիքեն), Վահան Շահրամանյան, Առնոլդ Մելիքսեթյան:
Կտավների և արվեստի գործերի զգալի մասը հաջողվել է փրկել Ստեփանակերտից՝ 2023 թվականի բռնի տեղահանության ժամանակ, և այժմ դրանք իրենց երկրորդ կյանքն են գտել Երևանում։
Ակումբը միավորում է երկխոսության և մտքերի փոխանակման միջավայրը՝ հիշեցնելով “Վերնատուն”-ի ավանդույթը, և միաժամանակ հանդիսանում է գեղարվեստական ցուցասրահ։ Կտավների կողքին ցուցադրված են նաև մշակութային-պատմական ու այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք կրում են Արցախի և Հայաստանի պատմական հիշողությունն ու հոգևոր էներգիան։
Այս նախաձեռնությունը ոչ միայն պահպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում մեր արվեստը Երևանի մշակութային կյանքում ճանաչելի ու հասանելի դարձնելու համար։