«Արցախի նախագահի ընտրությունը սեպտեմբերի 8-ին է». խմբակցությունները դեռ չեն հայտնում՝ ում են առաջադրելու

  • 20:40 04.09.2023

Ազատություն

Արցախի նախագահի հրաժարականից 4 օր անց Ազգային ժողովի խմբակցությունները չեն բացահայտում՝ ում են նախագահի թեկնածու առաջադրելու։ Այս պահին միայն հայտնի է, որ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքը», թեկնածու չի առաջադրի, քվեարկությանն էլ չի մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։

«Ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածել, մի անգամ կտրել», – ասաց նա «Ազատության» եթերում։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում վարչության նիստ պետք է գումարեն ու որոշեն՝ առաջադրել թեկնածու, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը փոխանցեց՝ մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ ունեն. – «Եվ այդ ընթացքում է որոշվելու՝ մեր սեփական թեկնածուն խմբակցությունը առաջադրելու է, թե ոչ։ Մինչև գործադիրի նիստը չլինի, այդ հարցին որևէ թե՛ խմբակցության անդամ, թե՛ կուսակցութան չի կարող պատասխանել։ Դա մի անձի որոշելիք չի»։

Մյուս երեք խմբակցությունների հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Խորհրդարանի լրատվության բաժնից էլ փոխանցեցին միայն, որ թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ չունեն։

Արցախի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին կընտրի խորհրդարանը խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում, ընդ որում՝ այն կարող է երկու փուլով անցկացվել։ Սեպտեմբերի 8-ը վերջին ժամկետն է, «Ազատությանն» ասաց խորհրդարանի լրատվության բաժնի պետ Անահիտ Հայրիյանը։

Մինչ այդ նախագահի պաշտոնը լքած Արայիկ Հարությունյանն այսօր խմբակցություններին կոչ է արել չտրվել խմբային ազդեցությունների՝ առանց հստակեցնելու, թե ում և ինչ նկատի ունի։

«Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների», – նշել է նա։

Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով պետնախարար նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին, ում անունն ամենաշատն է շրջանառվում որպես Արցախի հաջորդ նախագահի թեկնածու։ Նորանշանակ պետնախարարը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է, հենց նրա պաշտոնավարման տարիներին Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել։ Այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնից հեռացած Հարությունյանը հիշատակում է Շահրամանյանին, բայց ոչինչ չի ասում նրա թեկնածության մասին. «Նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»: