Թրամփը և Նեթանյահուն համաձայնեցրել են ծրագիրը։ Իրանը կմիանա՞ Աբրահամի համաձայնագրերին

  • 09:58 30.09.2025

Նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել էր Գազայի հարցով նոր խաղաղության ծրագիրը, շնորհակալություն հայտնեց Նեթանյահուին ծրագիրն ընդունելու համար, նրան անվանեց «մարտիկ» և խոստացավ իր ողջ աջակցությունը՝ ապահովելու համար, որ Իսրայելի առաջնորդը «անի այն, ինչ պետք է անի»։

«Սա, հնարավոր է, քաղաքակրթության պատմության մեծագույն օրերից մեկն է», – հավելեց Թրամփը։ «Այսօր աշխարհի համար պատմական օր է»։

Երկու առաջնորդների մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Սպիտակ տունը հրապարակեց առաջարկվող 20 կետից բաղկացած ծրագիրը։

Թրամփը հայտարարեց, որ արաբական և մուսուլմանական երկրները պարտավորվել են հնարավորինս շուտ «ապառազմականացնել Գազան»՝ որպես ծրագրի մաս: Նա նաև նշեց, որ նախատեսվում է Համասի թունելների և արտադրական օբյեկտների լիակատար ոչնչացումը: Բոլոր պատանդները՝ կենդանի և մահացած, պետք է վերադարձվեն 72 ժամվա ընթացքում: Նրանց վերադարձից հետո Իսրայելը կազատի ցմահ բանտարկության դատապարտված հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների: Համասի անդամներին, որոնք կընդունեն խաղաղության համաձայնագիրը, կառաջարկվի համաներում և անվտանգ անցում Գազայից, խմբավորումն ինքը որևէ դեր չի խաղա տարածքում առաջիկայում: Իսրայելի պաշտպանության ուժերը աստիճանաբար կհեռացնեն իրենց զորքերը Գազայի հատվածից: Անցումային շրջանում Գազայի հատվածը կկառավարվի տեխնոկրատական ​​կոմիտեի կողմից, մինչև Պաղեստինի կառավարության ներսում բարեփոխումներ իրականացվեն: Այս կոմիտեն կկազմավորվի պաղեստինցիներից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետներից: Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ի թիվս այլոց, մտադիր է մասնակցել: ԱՄՆ նախագահն ինքը ցանկանում է նախագահել կոմիտեն:

Միջազգային կայունացման ուժերը կտեղակայվեն Գազայում՝ ոստիկանությանը աջակցելու համար: Իսրայելը հաստատում է, որ չի օկուպացնի Գազայի հատվածը: Ծրագիրը նաև նախատեսում է երկխոսություն պաղեստինցիների և իսրայելցիների միջև, մինչդեռ Պաղեստինի պետականության հարցը հետաձգվում է մինչև մյուս դրույթների իրականացումը:

Այս ծրագիրը, կարծես թե, ներկայացնում է Թրամփի վարչակազմի դիրքորոշման զգալի փոփոխություն, որը նախկինում պաշտպանում էր Գազայի ամբողջ բնակչության (մոտավորապես 2.1 միլիոն մարդ) վերաբնակեցումը և դրա վերածումը ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։

Նեթանյահուն, Թրամփի խնդրանքով, զանգահարել է Կատար և ներողություն խնդրել սեպտեմբերի սկզբին Դոհայում Համասի թիրախների վրա Իսրայելի հրթիռային հարվածի ժամանակ կատարցի զինվորի պատահական մահվան համար։ Կատարը հաստատել է, որ կշարունակի իր միջնորդական ջանքերը։

Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Համասը մերժի ծրագիրը կամ բանավոր ընդունի այն, բայց չկատարի այն, Իսրայելը «կավարտի աշխատանքը»։

Պաղեստինցիները դժվար կյանք են ունեցել Համասի օրոք, բայց եթե նրանք չհամաձայնվեն ամերիկյան ծրագրի հետ, ապա միայն իրենց կմեղադրեն, ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այս երկիրը ապագայում նույնպես ցանկանա միանալ Աբրահամի համաձայնագրերին (Իսրայելի և մի շարք արաբական/մուսուլմանական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի շարք)։