Արցախի հարցը փակված չէ, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Նախիջեւանի

  • 19:53 03.10.2025

«Ես համոզված եմ, որ Արցախի հարցը փակված չէ, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Նախիջեւանի։ Մենք չենք ուզում պատերազմ, բայց նաեւ պետք է պատրաստվենք վատթարագույնին»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։

Նիկոլ Փաշինյանն օրերս ԵԽԽՎ-ում հայտարարել էր, որ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը, արցախցիները պետք է ինտեգրվեն Հայաստանում։ Ըստ նրա՝ փախստականների վերադարձի հարցը վտանգում է «խաղաղության գործընթացը»։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ խաղաղության գործընթաց չկա, քանի որ Ալիեւը նոր պատերազմի է պատրաստվում։ Ինչ վերաբերում է Արցախի հարցի փակմանը, Այվազյանը նշեց, որ Ալիեւը երբեք դրան չի հասնի։ «Արդյո՞ք մենք պետք է համարենք, որ Արցախի հարցը լուծված է։ Ոչ միայն արցախցիների վերադարձի հարցը պետք է օրակարգում լինի, այլ նաեւ ադրբեջանահայության հարցը, ոչ միայն այն կես միլիոն մարդիկ, ովքեր ծնվել են Բաքվում, այլ նաեւ նրանց ժառանգները՝ 3 մլն հայ։ Այս հարցրերը մշտապես օրակարգում պետք է լինեն։ Խաղաղության ոչ օդը, ոչ մի բանը չի երեւում, նոր պատերազմ է գուցե, եւ մենք պետք է պատրաստ լինենք»,- ասաց նա։

Ըստ Այվազյանի՝ բավական է տեսնել, թե Իլհամ Ալիեւն իրենց հորինած «արեւմտյան Ադրբեջանի» թեզն ինչպես է առաջ տանում։ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը համարեց «օկուպանտ», քարոզում է նոր պատերազմ, մեծացնում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը։ «Դա այն դեպքում, երբ իրենք իրենց Սահմանադրությունը պետք է փոխեն, որովհետեւ, ճիշտ է, իրենք ճանաչում են հայկական պետականությունը, բայց ինչպե՞ս, ի՞նչ սահմաններով։ Անկլավներն իրենք պահանջում են, նորից հայտարարեց այդ մասին։ Դե ուրեմն, մենք պետք է պատրաստ լինենք ոչ թե խաղաղության, այլ իրականության հետ առերեսվելուն։ Խաղաղություն գոյություն չի ունենա, Թուրքիայից ասում են՝ Հայաստանի հետ անցումը անվանենք Թալեաթ փաշայի անունով։ Գուցե մե՞նք էլ անենք նման քայլ, ասենք, որ մեր սահմանը Թուքիայի հետ պետք է կոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով։ Ադրբեջանն իր ժողովրդին ընդհանրապես չի պատրաստում խաղաղության։ Իսկ հայտնի է, որ Ադրբեջանը Թուրքիայի խամաճիկն է»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը բարձրացնում է այսպես կոչված «անկլավների» հարցը, բայց ադրբեջանական զորքերը չեն պատրաստվում դուրս գալ Հայաստանի տարածքից ու Արծվաշենից։ «Մենք բոլոր լսեցինք, թե ինչ ասաց Ալիեւը Թրամփի փակուղու մասին, որովհետեւ դա իսկապես փակուղի է Հայաստանի համար։ Ասում էր՝ Թրամփի ուղին պետք է անցնի «Զանգեզուրի միջանցքով»։ Իսկ «Զանգեզուր միջանցք» ասելով՝ ինքն ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի նկատմամբ։ Իհարկե, դրանից չի բխում, որ խաղաղություն է լինելու։ Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն, հայ ժողովուրդը միշտ խաղաղասեր է, Հայաստանը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ, բայց սա խաղաղության մասին չէ»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան