«Բացիկներ տնից». կանանց պատմությունները լուսանկարներում

  • 13:19 23.10.2025

Հոկտեմբերի 25-ին «Լիվինգ Ռումը» կհյուրընկալի լրագրող, վավերագրող լուսանկարիչ և վավերագրական ֆիլմերի հեղինակ Քնար Բաբայանի անհատական լուսանկարների ցուցահանդեսը։

Քնար Բաբայանը ծնվել է և կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել Լեռնային Ղարաբաղում։

Լրագրողական գործունեության ընթացքում նա հաճախ է լուսանկարել և գրել արցախցի կանանց մասին, որոնց պատմություններն ու դիմանկարները հրապարակվել են Հայաստանի և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներում։

«Այս կանայք իրենց առօրյայով ապահովել են կյանքի բնականոն ընթացքը՝ թե՛ փխրուն խաղաղության, թե՛ պատերազմի տարիներին։ Նրանք ականազերծել են դաշտեր ու ճանապարհներ, մաքրել ու կանաչապատել, բուժել ու կրթել, մշակել ու կառուցել, թխել հաց՝ ժենգյալով հաց, և թթու դրել։ Այս լուսանկարներն անսահման սիրո խոստովանություն են Արցախի անկոտրում կանանց՝ սկսած մեր հարևան Ռամոյից, ով տարիներ շարունակ ամեն հաց թխելուց մի գունդ պահում էր, որ ինձ համար թոնրում բուբլիկ թխի, մինչև ականազերծող և թութուն հավաքող կանայք։ Առաջինների հետ վախվորած քայլել եմ հավանական ականապատ դաշտում (պահելով անվտանգության բոլոր կանոնները), իսկ երկրորդների հետ՝ թութուն քաղել ու խեղդվել նրա սուր հոտից։

Ինձ համար չափազանց թանկ է այն փորձառությունը, որ ունեցա այդ պատմությունները նկարելու ընթացքում, և այն վստահությունը, որով այս ու տասնյակ այլ կանայք կիսվեցին իրենց կյանքի պատմությամբ։ Ցավոք, այսօր ես չգիտեմ նրանցից շատերի ճակատագրի մասին»,– նշում է հեղինակը։

Այս լուսանկարները բացիկներ են տնից՝ ուժեղ և միաժամանակ նուրբ կանանց դիմանկարներով, ովքեր իրենց լուսավոր ներկայությամբ հիշեցնում են մեզ տունը և մեզ՝ տանը։

Մարիամ Սարգսյան