Ռուսաստանը “կատաղեց”. Երևանը ցանկանում է հացահատիկ գնել Ուկրաինայից

  • 16:04 12.11.2025

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) հայտարարությունը Երևանի կողմից ռուսական հացահատիկից հրաժարվելու մտադրության մասին՝ ուկրաինական հացահատիկի օգտին։ Նա այս հայտարարությունն արել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից հացահատիկ գնելով ավելի բարձր գներով, իսկ գերավճարը կփոխհատուցի ԵՄ միջոցներով։

«Սա չի կարող ճիշտ լինել, սա բացարձակ անհեթեթություն է։ Սա առաջին անգամն է, որ խախտում եմ իմ սկզբունքները և մեկնաբանում մի բան, որն անձամբ չեմ կարդացել։ Բայց, հազար ներողություն, սա բացարձակ անհեթեթություն է», – ասել է Փաշինյանը։

СВР-ի հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունեն։

«Դուք գիտեք, որ հաճախակի բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում: Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք: Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», – ասաց Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների միջոցով։

Մոսկվան չի բացատրում, թե ինչու Հայաստանը չպետք է հացահատիկ գնի Ուկրաինայից, միայն «զգուշացնում» է, որ դա կարող է թանկ լինել: Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է նկատի առնի, որ Հայաստանը պարտավոր չէ հացահատիկ կամ որևէ այլ բան գնել բացառապես Ռուսաստանից։