
Միլենա Ավետիսյանը 22 տարեկան մարտունեցի օրիորդ է, ում պատրաստած տեսանյութերը վերջերս համացանցում շատ մեծ արձագանք գտան, քանի որ դրանք մեր հուշերի, անցյալի ու կարոտի մասին են։
«Մտքերով վերադարձ դեպի տուն» կարճ տեսանյութերի շարքը ջերմության ալիք փռեց համացանցյան արցախյան հարթակներում։
«Ստացել ենք ահագին մեկնաբանություններ, որտեղ շատերը նշում են, որ տեսանյութերից ջերմանում, իրենց կարոտներն են առնում հարազատ վայրերից։ Բացելով մի քիչ փակագծերը, կարող եմ ասել, որ այժմ աշխատում ենք այլ քաղաքների տեսանյութերի վրա և առաջիկայում նոր տեսանյութեր են սպասվում»,- նշում է նա։
Միլենան արհեստական բանականության միջոցով պատկերել է ամանորը՝ նախ իր հարազատ Մարտունի քաղաքում, այնուհետեւ Մարտակերտում եւ Շուշինում։
Կադրերը, որոնք տանում են մեղ հայկական Արցախ սիրո, կորցրածի ու անսահման կարոտի մասին են, ցնորային պատրանքի նման տանում են մեզ տարվա ամենակախարդական ժամանակը, ինչպես հիմա ենք հասկացել՝ կախարդական վայրը՝ Արցախ։
Միլենան դեռ 2021 թվականին էր հիմնել Միլեյվ շոփը Արցախի բարբառով տպագրական արտադրանք պատրաստելու համար։
2023թ․ հենց տեղահանությունից հետո նա իր մասնագիտությունը ծառայեցրեց Արցախի բարբառի պահպանման համար՝ պատրաստելով սթիքերներ Արցախի բարբառով եւ մեր քաղաքների մասին։
Milave-ի հիմնական առաքելությունը հենց դա է՝ պահպանել Արցախի բարբառը և նպաստել դրա տարածմանը՝ պրոդուկտների արտադրության ու մեդիաբովանդակության ստեղծման միջոցով։
«Այժմ ունենք 3 հիմնական պրոդուկտ՝ Սթիքերներ, նոթատետրեր, պլանավորման տետրեր։ Մեր արտադրանքն ներառում է Արցախի տարբեր շրջանների բարբառները․ ունենք նաև թեմատիկ սթիքերների հավաքածուներ, օրինակ՝ Հադրութի կամ Մարտակերտի բարբառներով»,- ասում է Միլենան։
Միլենա Ավետիսյանի աշխատանքները ոչ միայն վիզուալ պատկերման փորձ են, այլև հիշողությունների, լեզվի ու ինքնության պահպանման պայքար։ Նրա ստեղծած կադրերը, սթիքերներն ու նոթատետրերը միավորում են սերունդներին՝ հիշեցնելով, որ Արցախը միայն կորցրած տարածք չէ, այլ կենդանի մշակույթ, բարբառ ու հիշողություն։
Այս նախաձեռնությունը ապացույց է, որ նույնիսկ տեղահանված լինելու պայմաններում հնարավոր է ստեղծել ու պահպանել այն, ինչ մեզ դարձնում է համայնք․ բարբառը, հիշողությունը և տունը։
Մարիամ Սարգսհան