
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադրաձավ մարզերում արցախցիների հետ անցկացվող հանդիպումներին։
«Փոխվարչապետի գրասենյակի հետ մենք հանդիպումներ ենք իրականացնում մարզերում Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված։ Եվ մի օրինակ կարող եմ բերել, որից պետք է հետեւություններ անենք․ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեցին, եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ կարո՞ղ է մենք լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս։ Կամ Ղարաբաղից տեղահանվածներին պետք է կոչ անել, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան։ Փորձը ցույց է տալիս, որ հարցերը լուծվող են, պարզապես էդ մեխանիզմները ստեղծված չեն, որ էդ հարցերը լուծվեն։ Եվ կառաջարկեմ, որ ՄՍԾ կենտրոններում մարդ առանձնացվի, որը բոլոր ծրագրերից տեղյակ կլինի եւ պրոֆեսիոնալ խորհդատվություն կտա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ աշխատանքը մշտական իրականացվում է։ «Մենք ունենք մի նման նախագիծ՝ առանձնացված աշխատակից ունենալու, հիմա քննարկումների փուլում ենք, որ մեկ հոգի լինի առանձնացված ու այդ հարցերով զբաղվող»,- նշեց Թորոսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետական հիմնարկներում կաբինետ ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում։ «Ենթադրենք մի հատ էլ դուռ ավելացրեցինք, եւ մարդ կա, որն այդ դռան հետեւում նստած է, խնդիրն էն է, որ մարդը չի գնում հասնի էդ դռանը։ Մենք պիտի կոչ անենք, որ մեր ավագանու անդամները, պատգամավորներն ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որովհետեւ մարդը նույնիսկ նախարարության տեղը չգիտի, եթե նախարարությունում 6 կաբինետ ավելացնենք, ի՞նչ է դրանից փոխվում։ Ճիշտ տարբերակն էն է, որ վագանու անդամները, ԱԺ պատգամավորները, որոնք բնակարանային ակտիվ հաղորդակցության մեջ են, էդ տվյալները եւ խնդիրները հավաքագրեն եւ հաղորդակցեն գործադիր իշխանության հետ։ Քանի տարի է՝ մենք իրազեկման մասին խոսում ենք, բայց չի ստացվում, բյուջեից փող ենք տալիս, բայց չի ստացվում, այլ տեղից պետք է սկսել՝ պետք է մարդու մոտ գնացող լինի։ Հիմա այդ հարցը, որը ասում եք՝ լուծվեց, ո՞նց լուծվեց, գնացիք մարդու մոտ։ Մենք պետք է գնանք հասնենք մարդուն»,- նշեց Փաշինյանը։