Թրամփը հայտարարել է Հայաստանի հետ “միջուկային համագործակցության” մասին

  • 10:58 24.01.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին», – գրել է ԱՄՆ նախագահը:

Այսպիսով, Թրամփը հայտարարում է Հայաստանի հետ միջուկային և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին։ Ադրբեջանին նա կտրամադրի զրահաբաճկոններ և նավակներ։ Վերլուծաբանների կարծիքով, Թրամփը Բաքվին կարող է տրամադրել նաև ԹՐԻՓՓ-ի իր բաժնի մի մասը։ 

Մյուս կողմից, Փաշինյանն օրերս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին։ Հայաստանի էներգետիկ համակարգի ռազմավարական հենասյունը Մեծամորի ատոմակայանն է։ Ի՞նչ տեղ է այն զբաղեցնում Թրամփի պլանների մեջ։