Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում հավաքված ներքին տեղահանվածները պայմանավորվել են, որ երկուշաբթի օրը նրանց ընդունի Արցախի նախագահը։
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշել է, որ հավաքվել են խորը մտահոգություն հայտնելու Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակի և այն փորձությունների վերաբերյալ, որոնք ստիպված են հաղթահարել 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածները։
Երկուշաբթի օրը նախատեսված է համայնքների ղեկավարների հանդիպում Արցախի նախագահի հետ։ «Մարդիկ եկել էին հրապարակ՝ պարզելու, թե ինչ է իրենց սպասվում։ Ի՞նչ է լինելու Արցախի և նրա ժողովրդի հետ. Որո՞նք են մեր հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը նախագահը կընդունի մեր պատվիրակությունը, և կքննարկվեն մեզ հուզող հասարակական-քաղաքական հարցեր։ Մենք ակնկալում ենք, որ մեզ կներկայացվի իրական քաղաքական իրավիճակը։ Ի՞նչ կոնկրետ քայլեր են նախատեսվում ստեղծված իրավիճակից, շրջափակումից ու ընդհանրապես հակամարտությունից դուրս գալու համար։ Հույս ունենք նաև քննարկել ներքին տեղահանվածների և մասնավորապես հադրութցիների խնդիրները, քանի որ մեր սոցիալական վիճակը շատ ավելի ծանր է, քան իրենց տներում ապրողներինը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Սավադյանը։