Քարին տակը գյուղ է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում, գտնվում է Շուշի քաղաքի անջրպետային ժայռերի տակ՝ Քարինտակ գետի ձախ ափին։
Քարին տակը հիմնադրվել է 1700-ական թվականների սկզբին Բերդաձորի շրջանի Խծաբերդ և Դիզակի շրջանի Թաղլար գյուղերից վերաբնակված ազնվականների կողմից։ Խծաբերդից տեղափոխվածները նոր բնակավայր են «բերել» Խծաբերդի բարբառը, որը մինչ օրս օգտագործվում է բնակիչների կողմից։ Ինչպես նշված է 1898 թվականին «Կովկասի վայրերի ու ցեղերի նկարագրությամբ նյութերի ժողովածուում», «բարբարոս խաների» հալածանքների արդյունքում Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնել Քարին տակ գյուղը։
1988-ին անձնագրային ռեժիմը ստուգելու պատրվակով խորհրդային զորքերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը խուզարկություններ են կատարում, խլում թանկարժեք իրեր, փող, հագուստ և այլն, կրակում։ 1992 թվականի հունվարի 26-ին գիշերը ադրբեջանցիները հարձակվել են գյուղի վրա, սակայն կազմակերպվել է ինքնապաշտպանություն, գյուղը հաջողվել է պաշտպանել, և այդ օրը նշվում է որպես Քարինի տակի հերոսամարտի օր։
Քարին տակ գյուղում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ՝ ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից։
2020 թվականի աշնանային պատերազմի արդյունքում գյուղը օկուպացվել է Ադրբեջանի կողմից, և նրա բնակիչները դարձել են բռնի տեղահանվածներ։ Պատերազմից առաջ գյուղում կար 161 տնտեսություն կամ 701 բնակիչ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: