
Օրերս e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ։ Ըստ այդմ առաջարկվում է նաև փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո, այլև 1998-2016 թվականներին տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։ Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել այդ ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։
2008–2016 թվականների դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։
1998-2007 թվականների դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։
Սակայն հազարավոր զոհեր կան մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածում, այդ թվում Արցախյան առաջին պատերազմում զոհվածները, որոնց իրավահաջորդներն անարդարացիորեն դուրս են մնում նշված աջակցությունից։
Անհասկանալի է, թե ինչու է տարբերություն դրվում Հայրենիքի համար զոհվածների միջև։ Իրավամբ չպետք է տարբերակում դրվի, պետք է հավասարաչափ հարգել բոլոր զոհված զիվորների նվիրումն ու զոհաբերությունը և նրանց ժառանգներին չզրկել պետության կողմից տրվող այդ աջակցությունից։
Անահիտ Ղազարյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի
-Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ձեր կողմից հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին տրվող սոցիալական երաշխիքները, ինչը վերաբերում է 1998-2017 թվականներին զոհված կամ հաշմանդամ դարձած մարդկանց։
Ելնելով սոցիալական արդարության և հավասարության սկզբունքից՝ գտնում եմ, որ անարդար որոշում է։ 1992-94 թվականները համարվում են Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ տարիները, որոնց ընթացքում բազմաթիվ ազատամարտիկներ պայքարել ու հաղթանակ են ձեռք բերել։ Պետության կողմից նրանց կատարածը պետք է գնահատվի ըստ արժանվույն։ Խնդրում և պահանջում եմ նշված ծրագրի մեջ ներառել 1990-1997 թվականների զոհվածների ընտանիքներին։
Ալեքսանդր Աբրահամյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի հայր
-Որդիս զոհվել է 1994 թվականի մարտի 5-ին՝ Ջրականի ազատագրման մարտերում։ Նա դեռևս չէր հասցրել ընտանիք կազմել։ Արցախի ՊԲ սպա էր։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում տարբերակում դնել զոհվածների միջև, այն դեպքում, երբ առաջին պատերազմի զոհված տղաների շնորհիվ է հաղթանակ կերտվել։ Կարծում եմ՝ տղաների հիշատակը պետք է գնահատվի ինչպես հարիր է և նրանց կանանց ու ծնողներին անհրաժեշտ է ընդգրկել նոր նախագծի մեջ։ Միաժամանակ գնահատում եմ պետության ջանքերը, որ փորձում է ընդլայնել շահառուների շրաջանակը, սակայն մեզ ևս չպետք է անտեսել։
Անահիտ Բալայան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի
-Ամուսինս զոհվել է 1993 թվականին։ Ֆեյսբուքյան հարթակում տեսա, որ շրջանառվում է մի նախագիծ, որը վերաբերում է 1998-2017 թվականների զոհվածների ընտանիքներին։ Այսինքն մինչև 1998 թվականի զոհերը չկան։ 57 տարեկան եմ, ունեմ մի շարք հիվանդություններ։ Քանի՞ տարի եմ ապրելու, որ պետության կողմից արժանանամ ուշադրության։ Նշեմ, որ, որպես զոհված զինծառայողի այրի, ստանում եմ ընդամենը 30000 դրամ, ու իմ նման կարգավիճակ ունեն շատ-շատերը։ Բոլոր զոհերը մի հարկի տակ պետք է լինեն և վերջ։ Կոչ եմ անում 90-ականների զոհված զինծառայողների կանանց, ծնողներին արձագանքել, պահանջել մեր իրավունքները։ Մենք պետք է պահանջենք, որ հարգեն մեզ ու առավել ևս մեր հարազատների հիշատակը։
Լաուրա Բարսեղյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի մայր
-Հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցության շահառու չեմ ու չեմ հասկանում, թե ինչումն է զոհվածների միջև տարբերություն դնելու պատճառը։ Ստանում եմ ընդամենը 30000 դրամ պարգևավճար։ Անընդունելի եմ համարում, որ զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերություն է դրվում։ Մենք բոլորս նույն հարկի տակ ենք։
Մելանյա Դանիելյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի
-Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղից եմ տեղահանվել։ Ամուսինս զոհվել է 1992 թվականի մայիսի 15-ին, մարտական գործողությունների ժամանակ։ Խնդրում և պահանջում եմ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր նոր նախագծում հաշվի առնի նաև մինչև 1998 թվականի զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ նույնպես հնարավորություն ընձեռի օգտվելու սոցիալական աջակցությունից։ Ես այլ որոշում չեմ ընդունում և գտնում եմ, որ զոհվածների ընտանիքներին պետք է նայել նույն աչքով։ Բոլորն էլ նույն ցավով ու դժվարություններով են անցնում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ