
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցների հրապարակումները այն մասին, թե ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է Եվրոպական միության բյուջետային դեֆիցիտի և Ուկրաինայի համար ծախսերի առաջնահերթության պատճառով։ Այս մասին ասվում է պատվիրակության՝ NEWS.am-ի հարցման պաշտոնական պատասխանում։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել էր, որ Հայաստանին խոստացված 50 միլիոն եվրոյի օժանդակության տրամադրումը հետաձգվում է։ ԵՄ-ն Հայաստանին խոստացել է տրամադրել այդ գումարը՝ այդ թվում խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են, որ նման հարց չի քննարկվում։
«Կցանկանայինք կտրականապես հերքել նման մեղադրանքները: Հայաստանի համար նախատեսված ԵՄ օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել: Ընդհակառակը, մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը»,– ասվում է պատասխանում։
Որպես հաստատում՝ պատվիրակությունը վկայակոչել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի՝ մարտին կայացած այցը։
«Հայաստանի ֆինանսական աջակցության փաթեթը վերջին անգամ քննարկվել է հանձնակատար Մարթա Կոսի մարտ ամսին այցի ժամանակ, որի ընթացքում նախատեսվածի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի ստորագրումը:
Այլ ներդրումային նախագծեր նույնպես ընթացքի մեջ են, այդ թվում՝ մասնավոր հատվածի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում, և այդ ներդրումների և ԵՄ կողմից ֆինանսավորվող բոլոր ընթացիկ նախագծերի մասին տեղեկատվությունը հասանելի է, մասնավորապես, մեր կայքում :
Մայիսի 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ»,- նշված է NEWS.am–ի հարցման պատասխանում: