ԿԽՄԿ-ն հույս ունի վերսկսել մարդասիրական մատակարարումները: Էթերի Մուսայելյան

  • 16:58 18.09.2023

Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի ղեկավար Էթերի Մուսայելյանը նշել է, որ «իրոք, մարդասիրական օգնությունը Ստեփանակերտ է հասել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով միաժամանակ»։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ որոշում կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուսի հասնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ​​ջանքերի արդյունքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկուշաբթի օրը ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների խմբաքանակ է մատակարարել կարիքավորներին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Դեղորայքը նախատեսված է հիվանդանոցների համար և կբաշխվի ըստ անհրաժեշտության և պահանջարկի։ Ինչ վերաբերում է ալյուրին, ապա այն արդեն հասցվել է համապատասխան պահեստ»,- ասաց Մուսայելյանը։

Նրա խոսքով, «հուսով ենք, որ ձեռք բերված կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական մատակարարումները ոչ միայն այսօր, այլ նաև առաջիկա շաբաթներին, որպեսզի կարողանանք պարբերաբար օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»։