
Էջմիածնի Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հիշողության և աջակցության սրճարան» սոցիալական ծրագիր
Ծրագիրը կոչվում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության հիշողության և աջակցության սրճարան։ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ տուն-թանգարանում ժամանակավորապես հատկացվել է տարածք, որտեղ հավաքվում են տարեցներն ու կազմակերպում իրենց ժամանցը։
Էջմիածին քաղաքում է հաստատվել Հադրութի շրջանից տեղահանված Շուշիկ Հարությունյանը։ Նա Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանակիր, մայոր Աշոտ Հարությունյանի մայրն է, ով զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում։ Զոհվածի մայրն անտրտունջ դիմանում է ցավին, որովհետև մենակ չէ․ իր նման հազարավոր մայրեր կան սևազգեստ։
Մեր զրույցի ընթացքում նա պատմում է, որ Վաղարշապատի քաղաքապետարանում խոստացել են մի փոքրիկ անկյուն հատկացնել նրան՝ տեղավորվելով հավաստագրի գումարի մեջ։ Սպասում է, հավատում:
Տիկին Շուշիկը նշում է, որ Էջմիածնում իրեն լավ է զգում: Արցախցի տարեցներն այս քաղաքում ուշադրության կենտրոնում են։
Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի դահլիճում արցախցի, ինչպես նաև տեղացի տարեցների համար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց զոհվածի մայրը մասնակցում է մեծ սիրով։
-Պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ մենք փորձում ենք հաղթահարել այն մեծ կարոտը, որ զգում ենք Հայրենիքից տեղահանվելուց հետո։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ, ընթերցանության ժամեր, գրքի քննարկումներ, անց են կացվում հոգեբանական զրույցներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր տարեց մարդու համար։ Մեզ համար մի քանի անգամ կազմակերպվել են էքսկուրսիաներ։ Մոտ օրերս ևս կրկին էքսկուրսիա գնացինք Մեծամորի թանգարանը և եզդիական տաճարը։ Հանդիպումները կազմակերպվում են շաբաթական երկու անգամ, երկու խմբի համար՝ երեքշաբթի և հինգշաբթի։ Մեր խումբը կազմված է 16 հոգուց։ Արցախցիներիս հետ այդ հանդիպումներին մասնակցում են նաև տեղացի տարեցներ, որոնց հետ մենք կարողացել ենք շուտ ընկերանալ։ Բոլոր հանդիպումներն անցնում են թեյի և սուրճի շուրջ, որն ավելի է մտերմացնում բոլորիս։ Մենք շատ գոհ ենք, որ նման հնարավորություն է ընձեռվել արցախցի տարեցներիս, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնողներին։
Ամեն հանդիպումից հետո անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ Շատ շնորհակալ ենք ծրագրի համակարգող Գևորգ Չիչյանից, ով միշտ մեր կողքին է՝ իր բարեհամբյուր ու սրտացավ վերաբերմունքով,-ասում է տիկին Շուշիկը։
Տիկին Շուշիկի կարծիքը մեզ հետ կիսեցին նաև ծրագրին մասնակցող մի խումբ արցախցի տարեցներ։
Աջակցության սրճարանը զգալի դրական ազդեցություն ունի Արցախից տեղահանված տարեցների հոգեկան առողջության վրա։ Այն իրենց համար անվտանգ միջավայր է, որտեղ անկաշկանդ շփվում են, վերականգնվում և հաղթահարում հայրենիքից հարկադիր տեղահանումից հետո առաջացած կարոտի զգացումը։
2026 թվականի մարտ ամսին Վաղարշապատի համայնքապետարանի, Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության միջև կնքվել է համատեղ եռակողմ հուշագիր, ըստ որի նախատեսվում է Էջմիածնում ստեղծել տարեցների ժամանցի և զբաղվածության ապահովման ամենօրյա համայնքային կենտրոն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ