
Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը, Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ դատավարությունները և բռնի տեղահանված արցախահայության վերադարձի ու սեփականության իրավունքները շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։ Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած LIBERTAS միջազգային համաժողովը և միջազգային խորհրդարանական նոր նախաձեռնությունները ցույց են տալիս, որ այս հարցերը շարունակում են մնալ օրակարգում։
Սակայն առանց հետևողական քաղաքական ճնշման իրավական գործընթացները դեռևս չեն երաշխավորում կոնկրետ արդյունքներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը համաժողովում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումներին, նրանց առողջական վիճակին, հարազատների հետ կապի սահմանափակումներին և անկախ վերահսկողության բացակայությանը։ Ազատ արձակված գերիների վկայություններն ու բժշկական տվյալները փաստեր են տրամադրում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։
Միաժամանակ, գերության մեջ գտնվող անձանց ներկայիս վիճակի անկախ գնահատման հնարավորությունները սահմանափակ են։
Սահակյանի փոխանցմամբ՝ 2026 թվականին գերիների անմիջական դիտարկում չի իրականացվել, իսկ ՄԻԵԴ-ին տրամադրվող տեղեկությունները հիմնականում ներկայացրել է ադրբեջանական կողմը։ Նա մտահոգություն է հայտնել նաև ներկայացված լուսանկարներում գերիների նույնականացման անհնարինության կապակցությամբ։
Սահակյանը բարձրացրել է նաև հաղորդակցության խնդիրը՝ նշելով, որ «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկել նամակներ։
Արդյունքում գերիների հարազատները զրկվում են նրանց հետ կապի կարևոր միջոցից, իսկ հեռախոսային խոսակցությունները մնում են հաղորդակցության հիմնական հնարավորությունը։
Հյուպատոսական այցելությունների և պաշտպանների՝ իրենց պաշտպանյալներին հասանելիության սահմանափակումները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում։ Անկախ վերահսկողության բացակայությունը դժվարացնում է խախտումների կանխարգելումն ու դրանց արդյունավետ քննությունը։
Գերիների խնդիրը ներառում է նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը։
Սահակյանի բարձրացրած հարցերը վերաբերում են նրանց նկատմամբ դատավարությունների իրավաչափությանը, արդար դատաքննությանն ու պաշտպանության իրավունքին, ինչպես նաև Արցախի ղեկավարության դիրքորոշմանը և բանակցային գործընթացում նրա ներկայացվածությանը։
Արցախի նախկին ղեկավարների ճակատագիրը չի կարող դիտարկվել բացառապես որպես Ադրբեջանի ներքին հարց կամ դուրս մնալ միջազգային օրակարգից։
Գերիների ազատ արձակման համար անհրաժեշտ է քաղաքական հետևողականություն, սակայն նրանց իրավունքները չպետք է դառնան անհամաչափ փոխզիջումների առարկա։
Միջազգային կարևոր զարգացում էր հոկտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Փաստաթուղթը ստացել է 492 կողմ և 23 դեմ ձայն, 60 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեսյուրի խոսքով՝ հայ գերիները, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները, բացակայում էին բանաձևի սկզբնական տարբերակից։ Նրանց ներառմանը հնարավոր է եղել հասնել լրացուցիչ բանակցությունների արդյունքում։ Մեսյուրը շեշտել է, որ պայքարը պետք է շարունակվի մինչև գերիների ազատ արձակումը։
Այս հանգամանքը ցույց է տալիս միջազգային խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, բայց նաև՝ հայկական հարցերը օրակարգում պահելու դժվարությունը։ Բանաձևը քաղաքական նշանակալի ազդակ է, սակայն ինքնին չի ապահովում գերիների ազատ արձակումը կամ նրանց նկատմամբ հնարավոր խախտումների անկախ քննությունը։
Բաքվի վրա ճնշման մեկ այլ հնարավոր աղբյուր է Վաշինգտոնը։ ԱՄՆ օրենսդիրները հանդես են եկել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերանայման օգտին՝ այն կապելով հայ գերիների ազատ արձակման, մարդու իրավունքների պահպանման և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ։
Հատկանշական է, սակայն, որ այս նախաձեռնությունների շուրջ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն համարժեք համերաշխություն չեն արտահայտել, իսկ Ադրբեջանին ռազմական օգնության սահմանափակման հարցն ու դրա հետ կապված ճնշման մեխանիզմները հայ-ադրբեջանական պաշտոնական բանակցությունների օրակարգում հստակ տեղ չեն զբաղեցնում։
Սա հարց է առաջացնում՝ արդյոք Երևանն ամբողջությամբ օգտագործում է միջազգային հնարավորությունները՝ գերիների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Ադրբեջանն իր հերթին հակազդել է ամերիկյան նախաձեռնություններին։
Ադրբեջանի խորհրդարանի անդամներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել են ԱՄՆ օրենսդիրներին՝ վիճարկելով նրանց պահանջները և կոչ անելով վերացնել ԱՄՆ օրենսդրության 907-րդ բաժնով նախատեսված սահմանափակումները։ Սա ցույց է տալիս, որ Բաքուն նման քայլերն ընկալում է որպես քաղաքական մարտահրավեր, թեև դեռևս ապացույցներ չկան, որ դրանք փոխել են նրա գործնական քաղաքականությունը։ Ադրբեջանի ներքաղաքական հաշվարկները կարող են ևս մեկ խոչընդոտ լինել․ իշխանությունները գերիների ազատ արձակումը կարող են դիտարկել որպես արտաքին ճնշմանը զիջում։ Սա վերլուծական ենթադրություն է, սակայն ընդգծում է, որ միայն իրավական փաստարկները կարող են բավարար չլինել․ անհրաժեշտ են հետևողական դիվանագիտական և քաղաքական միջոցներ։
Ինչպես ասել է Արմինե Ալեքսանյանի՝ Step1.am-ին տված հարցազրույցում, որոշ միջազգային քննարկումներում արցախահայերին երբեմն առաջարկվում է մոռանալ տեղի ունեցածը և ինտեգրվել նոր միջավայրին, իսկ նրանց իրավունքների հարցը ներկայացվում է որպես այլևս ոչ առաջնահերթ խնդիր։
Նման մոտեցումը վտանգավոր է, քանի որ կարող է աստիճանաբար դուրս մղել վերադարձի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը միջազգային օրակարգից։ Դա վերաբերվում է նաև գերիների հարցին։
Միջազգային ջանքերի արդյունավետությունը պետք է չափվի ոչ թե ընդունված բանաձևերի քանակով, այլ կոնկրետ արդյունքներով՝ գերիների ազատ արձակմամբ, նրանց պահման պայմանների անկախ վերահսկողությամբ, խոշտանգումների վերաբերյալ հաղորդումների քննությամբ և արցախահայության իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմներով։
Խաղաղությունը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ գերիների ճակատագիրը, տեղահանվածների վերադարձի իրավունքը, նրանց սեփականությունն ու մշակութային ժառանգությունը մնում են չլուծված հարցեր։
Արսեն Աղաջանյան