
Իրավապաշատպան Ժաննա Ալեքսանյանն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպանը կալանավորվել է այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի ու թալանի մասին սուր հարցադրումներ ուղղել նրան։ Ի պատասխան Փաշինյանը բղավել ու մեղադրանքներ էր հնչեցրել Արթուր Օսիպյանի հասցեին։ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել եւ ասել, որ չի դադարեցնի այն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրենից ներողություն չի խնդրել։
«Մենք պետք է հորդորենք, որ Արթուրը դուրս գա հացադուլից։ Ոչ միայն ես, այլ շատերն են համոզված նրա սկզբունքայնության ու վճռականության վրա, բայց չարժե հացադուլ անել, պահանջել այդ անարժեք ներողությունը։ Ո՞ւմ է պետք այդ ներողությունը, վերջին հաշվով հայտնի խոսք կա՝ ով ինչ խոսում է, իր մասին խոսում։ Եվ շատ լավ կլիներ, որ Արթուրը հացադուլից դուրս գար, նա պետք է իմանա, որ բազմաթիվ են մարդիկ, ովքեր իր կողքին են եւ իրեն գնահատում են, գիտեն իր նվիրավածությունն Արցախին ու Արցախի հարցին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Օսիպյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Հիշեցնենք, որ նրան առաջադրվել է մեղադրանք միանգամից երեք հոդվածներով՝ խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը եւ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելը։
«Բոլորը տեսել են այդ տեսանյութը, թե ինչ կարեւոր հարցեր է բարձրացրել Արթուրը եւ պատասխան ստանալու փոխարեն հայհոյանքներ ու վիրավորանքներ է ստացել։ Դա Նիկոլ Փաշինյանի ձեւն է, երբ ինքը հարցերի չի պատասխանում, պատասխանում է այն մարդուն, ով հարցը տվել է, մենք դա շարունակաբար տեսնում է։ Արթուր Օսիպյանին անամոթաբար ակնհայտ ապօրինի մեղադրանք են ներկայացրել։ Դա վերաբերում է նաեւ Գլխավոր դատախազին, որը ցանկացած մեղադրանք կարող էր ներկայացնել։ Խուլիգանության մեղադրանք են ներկայացնում այն դեպքում, երբ հենց Արթուրին են քաշքշում, եւ Նիկոլ Փաշինյանն է օգտագործել փողոցային բառապաշար։ Երեւի մի օրը հերթը կհասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանը դատախազի հասցեին էլ այդպես կխոսի, չեմ բացառում, որ մենք դա էլ կտեսնենք»,- ասաց նա։
Իրավապաշտպանն անդրադառնում է նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության բառապաշարին, ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին ու դեպքին, երբ նախընտրական պաստառները պոկելու համար ձերբակալված եւ հոգեբուժարան տեղափոխված երիտասարդն ինքնասպան էր եղել։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իշխող ուժի կողմից ուղղակի տեսնում ենք անբարո քարոզարշավ։ Նա նշում է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները չեն հիմնավորվում։ «Կուզենայի, որ այդ քաղաքական ուժերը վիճակագրություն ներկայացնեին, թե այդքան ձերբակալություններից քանիսն են հիմնավոր մեղադրանքով եղել։ Մենք տեսնում ենք, որ իրականում դրանք իրենց թքած-կպցրած ձայանգրություններն են, որոնք չեն հաստատվում։ Բայց ամենաշատը թշնամական վերաբերմունքն է ընդգծվում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թշնամական վերաբերմունքը, կոնկրետ Արթուր Օսիպյանի նկատմամբ ակնհայտ երեւում էր այդ թշնամանքը։ Այլ պաշտոնյաների մոտ էլ ենք դա նկատում, օրինակ՝ Թալինի քաղաքապետն արտոնյալ վիճակում է, ում ինչ բառերով ուզում, որակում է, եւ երեւի գնահատվում է իշխող ուժի կողմից։ Այսինքն՝ թքած ունեն մարդու վրա, բերդերը լցնում են անմեղ մարդկանցով, ընդհանրապես թքած ունեն արդարության վրա։ Ո՞ւմ է պետք է Նիկոլ Փաշինյանի այս քարոզարշավը։ Պետք է նայել, թե դա ինչ ազդեցություն է թողնում գիտակից խավի վրա, ինչպես է իրեն մերժում հանրային այդ շերտը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա ցավով արձանագրում է, որ քաղհասարակությունը, որը վերահսկող դեր ուներ, գոյություն չունի։ Իսկ նախկինում քաղհասարակության ազդեցությունն ակնառու էր։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են նախընտրական քարոզարշավին, որեւէ ձեւով չանդրադարձան Արթուր Օսիպյանի անօրինական կալանավորմանը։ «Այսինքն՝ ի՞նչ քարոզարշավ սա կարող է լինել, երբ նախընտրական պաստառ պոկելու համար ոստիկանության կողմից անձին ապօրինի բերման ենթարկելուց հետո հոգեբուաժանում մահ ենք արձանագրում, երբ Արթուր Օսիպյանի արտառոց դեպքին ենք ականատես լինում։ Ես սա կբնութագրեմ՝ քարոզարշավ դժոխքում»,- նշում է իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այս պայմաններում ժողովուրդը պետք է սթափ գնահատաի իրավիճակը․ «Շատ կուզեի, որ բոլորը գնան ընտրություններին, իրենց ձայնին տեր կանգնեն եւ մերժեն մի իրավիճակ, որին մենք նախկինում երբեք Հայաստանում ականատես չենք եղել»։